Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հավանականությունը վերջին շրջանում էականորեն մեծացել է։ Նման կարծիք նա հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում։

Նշելով, որ եթե երկու-երեք տարի առաջ, դատելով երկրի տնտեսական աճից, արտաքին քաղաքականության կուրսից եւ մի շարք այլ գործոններից, ինքը գրեթե բացառում էր պատերազմի վերսկսման հավանականությունը, քաղաքագետն ընդգծեց, որ այժմ իր տեսակետներում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել։ «Պատերազմներն, առհասարակ, սկսվում են այն ժամանակ, երբ կողմերից մեկն իրեն ավելի ուժեղ է զգում։ Իսկ այսօրվա „սառը պատերազմի“ պայմաններում Ադրբեջանն իրեն այդպիսին, կարծես,զգում է»,- նշեց Երվանդ Բոզոյանը՝ ընդգծելով, որ եթե հայկական կողմը «սառը պատերազմում» թուլացնի իր դիրքերը, դա կարող է հանգեցնել իրական պատերազմի։ «Եթե ադրբեջանցիները հասկանան, որ մենք տանուլ ենք տալիս արտաքին քաղաքականության ասպարեզում՝ տեղի տալով Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, իսկ վերջում արդեն նրանց բոլորի կողմից մեզ վրա գործադրվող ճնշումներին, անկումներ ենք արձանագրում տնտեսության եւ այլ ոլորտներում, այսինքն՝ թուլացնում ենք մեր դիրքերը բոլոր ուղղություններով, ապա պատերազմի հավանականությունն, անկասկած, մեծանում է»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ «պատերազմի վերսկսման հավանականությունը մեծանում է ոչ թե արված հայտարարություններով ու ճառերով, այլ հաշվեկշռի ռեալ փոփոխությամբ»։