Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կասկածում է, որ իրեն փորձում են թունավորել՝ իր կողմից օգտագործվող կոսմետիկայի մեջ թունավոր նյութ ավելացնելով, սակայն անցկացված փորձաքննությունը վտանգավոր նյութեր չի հայտնաբերել: Այս մասին հայտնում է Ուկրաինայի պետական քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունը:
«Հունվարի 5-ի գիշերը Կաչանովի քրեակատարողական գաղութի (N54) պետը հերթական հայտարարությունն է ստացել Տիմոշենկոյից, որտեղ վերջինս նշում է, որ իր կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում: Մասնավորապես, հայտարարությունում ասվում է, որ լվացվող եւ կոսմետիկայի միջոցներում կողմնակի անձինք կարող էին թունավոր նյութեր ավելացնել»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ստուգում է իրականացվել, որը դատապարտյալների հիվանդանոցի հսկվող տարածքում կողմնակի անձանց չի հայտնաբերել: Բացի այդ, ստուգվել են լվացող նյութերն ու Տիմոշենկոյի կոսմետիկայի միջոցները: Փորձաքննության արդյունքում դրանցում լուծվող աղեր, «մետաղական թույներ» (բարիում, ցինկ, Կադմիում, մկընդեղ, սնդիկ, արճիճ, բիսմուտ) չեն հայտնաբերվել, հաղորդում է «Ինտեֆաքսը»:
Յուլյա Տիմոշենկոյին բացառության կարգով թույլ են տվել շփվել հարազատների հետ:





























