Հայաստանցիները 2011 թ. միջին հաշվով շաբաթական աշխատել են 35.3 ժամ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Նշենք, որ ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի՝ աշխատաժամանակի նորմալ տեւողությունը չի կարող գերազանցել շաբաթական 40 ժամը, իսկ առավելագույն տեւողությունը՝ 48 ժամը:

Տղամարդկանց միջին աշխատաժամանակը 2011 թ. կազմել է 39.4 ժամ, կանանցը՝ 30.9 ժամ: Սակայն եթե ամուսնացած կանանց միջին աշխատաժամանակը կազմել է 29.4 ժամ, ապա ամուսնալուծվածներինը՝ 39.1 ժամ: Տղամարդկանց մոտ ճիշտ հակառական է՝ ամուսնացածները ամուսնալուծվածներից շատ են աշխատում, համապատասխանաբար՝ 39.8 եւ 35.3 ժամ:

Վարձու աշխատողների շաբաթական միջին աշխատաժամանակը կազմել է 44.1 ժամ, իսկ գործատուներինը՝ 55.7 ժամ: Աշխատաժամանակի միջին տեւողությունն ընկնում է ինքնազբաղվածների հաշվին՝ շաբաթական այդ կատեգորիայի մարդիկ աշխատում են 21.7 ժամ: