Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը չի կարող մասնակցել հունվարի 10-ին նշանակված երդմնակալության արարողությանը: Չավեսին քաղցկեղից բուժող Կուբայի բժիշկները նրան արգելել են մոտ ժամանակներս Վենեսուելա վերադառնալ: Երդմնակալությունը անորոշ ժամկետով հետաձգվել է, հայտնում է «Ռոսբալտը»` վկայակոչելով Վենեսուելայի լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ըստ օրենքի` նախագահը կարող է երդվել ավելի ուշ` արդեն Գերագույն դատարանի անդամների առաջ: Եւ այժմ Վենեսուելայում գլխավոր հարցն այն է, թե ով կղեկավարի այն հունվարի 10-ից հետո: Կառավարությունը պնդում է, որ մինչ Չավեսի առողջանալը նրան պետք է փոխարինի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն: Ընդդիմությունը պնդում է, որ արդեն ուրբաթ օրը Մադուրոյի կաբինետը կկորցնի օրինականությունը, այնպես որ երկրի կառավարումը պետք է հանձնել խորհրդարանի խոսնակին:
Vesti.ru-ն հաղորդում է, որ ընդդիմությունը երդմնակալության ամսաթվի տեղափոխմանը դեմ չէ: Ըստ Սահմանադրության` Ուգո Չավեսն անաշխատունակ կարող է ճանաչվել միայն նախագահական պալատից 180 օր բացակայելու դեպքում: Այդ ժամանակ հնարավոր կլինեն նոր ընտրություններ:




























