Wikileaks-ին տեղեկություններ հաղորդող շարքային Բրեդլի Մենինգի պատժաչափը հունվարի 8-ի նախալսումների ընթացքում վաղաժամկետ կրճատվել է 112 օրով:
Դատավոր Դենիզ Լինդը նման որոշումը բացատրել է դաժան վերաբերմունքով, որին բանտարկյալը ենթարկվել է զինվորական բանտում: Ըստ դատավորի որոշման, եթե Մենինգը մեղավոր ճանաչվի, նրա պատժաժամկետից կհանվի 112 օր, հայտնում է Agence France-Presse-ը: Միեւնույն ժամանակ, դատավորը մերժել է Մենինգի դեմ բոլոր մեղադրանքները հանելու փաստաբանի պահանջը, հայտնում է lenta.ru-ն:
Մենինգը բանտարկվել էր Վիրջինիա նահանգի Քուանթիքո ռազմակայանի բանտում՝ 2010թ. ամռանը: Ըստ փաստաբանի` բանտարկյալը օրը 23 ժամ մերկ վիճակում գտնվել է առանց պատուհանների մենախցում: Քուանթիքոյում դաժան վերաբերմունքի մասին 2012թ. նոյեմբերի վերջին նախալսումների ընթացքում պատմել էր Մենինգը: Բանտում պարզաբանել էին, որ բանտարկյալը հատուկ ռեժիմով է պահվել՝ ինքնասպանության հակում ունենալու պատճառով: 2011թ. Մենինգին ուղարկել էին Կանզասի «Լիվենվորտ» կայանի բանտ, որտեղ ինքնասպանության ոչ մի հակում չէր նկատվել եւ թուլացվել էր վերահսկողությունը:
Իրաքում ռազմական վերլուծաբան աշխատած Մենինգը մեղադրվում է Wikileaks կայքին գաղտնի տեղեկություններ հաղորդելու մեջ: Նրան մեղադրանք է ներկայացվել 22 հոդվածներով: 2012թ. նոյեմբերին Մենինգն իրեն մեղավոր էր ճանաչել դրանցից ութի դեպքում:





























