Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը հունվարի 14-ին, հանդես կգա ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում՝ հասարակության համար բաց ելույթով:

Կոնգրեսի գրադարանի կողմից տարածված հայտարարության համաձայն, գրադարանի Թոմաս Ջեֆերսոնի շենքի աֆրիկյան եւ միջինարեւելյան վարչության Մերձավոր Արեւելքի բաժնում կայանալիք հանդիպման ընթացքում դեսպան Հեֆերնը հանդես կգա «Հաշվետվություն Հայաստանից 2012» անվանումը կրող զեկույցով:

«Ամերիկայի ձայնը» հայտնում է, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի ելույթի կազմակերպիչներից է Կոնգրեսի գրադարանի աֆրիկյան եւ միջինարեւելյան վարչության Մերձավոր Արեւելքի բաժնի Հայաստանի եւ հայկական տարածքների գծով փորձագետ, դոկտոր Լեւոն Ավդոյանը:

Դեսպան Ջոն Հեֆերնը մեծ փորձ ունեցող դիվանագետ է, որը ներկայիս պաշտոնը զբաղեցնելուց առաջ նախկինում զբաղեցրել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը, որից առաջ աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ-ի դեսպանության ղեկավար պաշտոնների: Նա աշխատել է նաեւ Ճապոնիայում, Մալայզիայում, Փղոսկրի Ափում եւ Չինաստանում, իսկ 1994-1996 թվականներին` ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Ասիայի հարցերով ենթահանձնաժողովում: ԱՄՆ-ի արտգործնախարարությունում աշխատանքի անցնելուց առաջ Ջոն Հեֆերնը զբաղեցնում էր Սենատոր Ջոն Դանֆորթի գրասենյակի տնօրենի պաշտոնը: