Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Հոն Ցզյուինին եւ հրաժեշտ տվել նրան դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության եհտ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանն ու վարչապետը ամփոփել են երկու երկրների համատեղ ծրագրերի առկա արդյունքներն ու սպասելիքները: Մասնավորապես, վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ հարաբերությունները գտնվում են դինամիկ զարգացման փուլում եւ ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության հետագա խորացմանը:
Անդրադառնալով երկկողմանի համագործակցությանը` զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ առևտրաշրջանառության աճը, փոխադարձ վստահության ներկայիս մակարդակը միջազգային ասպարեզում եւ համոզմունք հայտնել, որ փոխշահավետ համագործակցությունը սոցիալական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում կնպաստի երկու երկրների միջեւ փոխըմբռնման խորացմանը:
Վարչապետն ընդգծել է «Շանհայ-Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի կարեւորությունը եւ շնորհակալություն հայտնել Չինաստանի կառավարությանը եւ ժողովրդին Հայաստանին ցուցաբերած բազմաբնույթ օժանդակության համար:




























