Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել 27-ամյա պորտուգալացի Ֆելիպե Լոպեշի նկատմամբ, որին կասկածում են ռուսաստանցի երիտասարդ աղջկա` 23-ամյա Անաստասիա Վոյկինայի  սպանության մեջ, ում հետ վերջինս սերտ հարաբերություններ է ունեցել:

Աղջկա բռնի մահվան հետքերով մարմինը հայտնաբերվել էր հունվարի 7-ի առավոտյան` Սթրիթհեմի բնակարանում, որտեղ վերջին օրերին Լոպեշը բնակվում էր Անաստասիայի հետ:  Evening Standard թերթը հայտնում է, որ աղջիկը մահացու մի քանի վնասվածքներ է ստացել:

Երբ աղջկա հետ մեկ շաբաթ կապ չի եղել, Անաստասիայի հարազատները ոստիկանություն են դիմել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Daily Mail թերթը տեղեկացնում է, որ Անաստասիայի դիակը հայտնաբերելուց մոտ երկու շաբաթ առաջ հարեւանները բնակարանից կնոջ ճիչեր են լսել: Նրանց ահազանգով ոստիկանները ժամանել են դեպքի վայր, սպաները զրուցել են բնակիչներից մեկի հետ եւ գնացել: Քննությունը կասկածում է, որ, հնարավոր է, Լոպեշն արդեն լքել է Մեծ Բրիտանիան: 

Անաստասիա Վոյկինան Ֆելիպե Լոպեշի հետ ծանոթացել էր նախորդ տարվա ամռանը Լոնդոնում: Երիտասարդների միջեւ սիրային կապ էր հաստատվել:  Մի քանի շաբաթ առաջ աղջիկը կրկին Մեծ Բրիտանիա էր մեկնել` Լոպեշին այցելելու: