Ուկրաինական «ԱերոՍվիտ» ավիաընկերությունը հունվարի 9-ին հանել է մի քանի չվերթներ` ֆինանսական դժվարությունների պատճառով: Հանված եւ ուշացած չվերթների մասին տեղեկատվությունը տեղակայված է Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանի կայքում:

Մասնավորապես  հանվել է ժամը 12.50-ի  (Երեւանի ժամանակով`14.50) Կիեւ-Երեւան չվերթը, ինչպես նաեւ Պրահայից եւ Երեւանից  դեպի Կիեւ երեկոյան չվերթները, ուշանում են Աստանայից, Նյու Յորքից, Բանգկոկից, Թել Ավիվից, ինչպես նաեւ Կիեւից Բաքու եւ Գոա չվերթները:  Ընդ որում,  ընկերության մի քանի օդանավեր հունվարի 9-ի առավոտյան Կիեւից Մոսկվա, այնուամենայնիվ, թռել են:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Կիեւի մարզային տնտեսական դատարանը 2012թ. դեկտեմբերի 29-ին վճիռ էր կայացրել ֆինանսական դժվարություններ ունեցող «ԱերոՍվիտ»  ավիաընկերություն» մասնավոր բաժնետիրական ընկերակցության սնանկացման գործընթացը սկսելու մասին: Ավելի ուշ ընկերությունում  պարզաբանել էին, որ իրենք ցանկանում են սկսել վերականգնման գործընթացը: Այժմ ավիաընկերության չվերթները հանվում են, օդանավակայաններում են մնացել հարյուրավոր ուղեւորներ: