Մալազիայի Սելենագոր նահանգի սուլթանը՝ Շարաֆուդին Իդրիս շահը արգելել է իսլամ չդավանող իր հպատակներին արտաբերել Ալլահի անունը։ Ղեկավարը համարում է, որ դա սուրբ բառ է եւ նախատեսված է միայն մահմեդականների համար։
Ըստ The New Straits Times-ի, այդպիսի որոշման առիթ է դարձել Մալազիայի ընդդիմադիր Ժողովրդավարական գործունեության կուսակցության գլխավոր քարտուղար Լիմ Գուան Էնգայի՝ Աստվածաշնչի մալազիական թարգմանության մեջ «Ալլահ» բառի՝ որպես քրիստոնեական Աստծո բացատրություն մտցնելու առաջարկը։
2010 թվականին սուլթանն արդեն հաստատել էր համապատասխան մի արգելք, որը սակայն ուժի մեջ չի մտել։ Այժմ նաեւ երկրի հոգեւոր իշխանությունները հուսով են, որ «Ալլահ» բառն անօրինական օգտագործողները կպատժվեն։
Ինչպես նշում է «Լենտա.ռու»-ն, Մալազիայի պաշտոնական կրոնը հանդիսանում է իսլամը, որը դավանում են հասարակության մոտ 60%-ը։ Միաժամանակ երկրում կրոնական ազատություն է հաստատված։




























