Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 4-ից 5-ը կայցելի Թուրքիա, որտեղ, Ստամբուլ քաղաքում, տեղի կունենա Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպումը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը կմասնակցեն նաեւ Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ընդհանուր պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը:
Հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկվի Աֆղանստանի համար նախատեսված անցումային ռազմավարությունը, աֆղան ժողովրդի կարողությունների զարգացումը, Աֆղանստանի անվտանգության ուժերի կազմավորումը, պետական կառավարման ինտիտուտների բարելավման եւ Աֆղանստանի հարեւանների հետ համագործակցության հստակեցման վերաբերյալ հարցեր:
Այցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարը առանձին հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ եւ կայցելի Կ. Պոլսի հայոց պատրիարքարան:
Հիշեցնենք, որ երեկ ՊՆ մամուլի ծառայությունը NEWS.am-ին ոչ հերքել, ոչ հաստատել էր Սեյրան Օհանյանի Ստամբուլ մեկնելու փաստը:




























