Շվեյցարիայի Գլարուս կանտոնի դատարանը հողի սեփականատերերին ազատել է XIV դարում տեղի կաթոլիկ եկեղեցու առջեւ ունեցած պարտավորությունից: Ֆերմեր Կոնրադ Մյուլերի ժառանգորդներն այլեւս ստիպված չեն լինի տարեկան 70 –ական ֆրանկ (76 դոլար) վճարել` սպանության մեղքը քավելու համար, հաղորդում է «Agence France-Presse»-ը:
Մյուլերը 1357 թ.-ին, հոգին փրկելու եւ իր կողմից սպանված Հայնրիխ Շտուկիի հարազատների վրեժից խուսափելու համար, տեղի եկեղեցուն աշտանակ է նվիրել եւ խոստացել ընդմիշտ վճարել նրա համար յուղի արժեքը: Այդ պարտավորության խախտման պարագայում Մյուլերի հողը պետք է անցներ եկեղեցուն:
Մյուլերի հողի ներկայիս սեփականատերը որոշել է խախտել ավանդույթը: Եկեղեցին փորձել է իր իրավունքները պաշտպանել դատարանում, սակայն 655-ամյա պայմանավորվածության հարցը դատարանը վճռել է ֆերմերի օգտին:




























