Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն, այսօր՝ հունվարի 11-ին, ներկայացրել է BBC-ի՝ 2011 թվականին մահացած հաղորդավար Ջիմմի Սեւիլի նկատմամբ հարուցված քրեական գործի ընթացքը, ով մեղադրվել է մանկապղծության մեջ: Ոստիկանությունն արձանագրել է սեռական բնույթի 214 հանցագործության փաստ, որից 34-ը՝ բռնաբարություն է եղել, հաղորդում է Sky News-ը:
Սեւիլի գործողություններից տուժածների 2/3-ը անչափահասներ են եղել: Այդ թվում նա գայթակղել է մինչեւ 10 տարեկան 28 երեխաների, ինչպես տղաների, այնպես էլ՝ աղջիկների: Հիմնականում նա նախընտրել է 13-16 տարեկան աղջիկների: Սեւիլի զոհերից ամենատարիքովը եղել է 47 տարեկան, հաղորդում է BBC News-ը:
Ըստ ոստիկանության տվյալների՝ BBC-ի հեռուստահաղորդավարն իր հանցագործությունները կատարել է ավելի քան 50 տարվա ընթացքում (1955-2009): Հանցագործությունների մեծ մասը կատարվել է 1966-76 թթ, երբ Սեւիլը եղել է 40-50 տարեկան: Նա իր զոհերին գայթակղել է տարբեր վայրերում, այդ թվում BBC-ի շենքի ներսում, 13 հիվանդանոցներում եւ այլն:
Ընդհանուր առմամբ, այս գործով ոստիկանությունը հարցաքննել է 600 մարդու, որոնցից 450-ը ցուցմունքներ է տվել Սեւիլի դեմ:




























