Լոնդոնի խոշորագույն առեւտրային կենտրոններից մեկի՝ Selfridges-ի սեփականատերերն գնորդներին առաջարկում են հանգստանալ «լռության սենյակում», որպեսզի որոշ ժամանակ անց նոր ուժերով անցնեն զեղչերի որոնմանը:
Անսովոր սենյակը տեղակայված է Լոնդոնի կենտրոնական Օքսֆորդ-սթրիթի վրա գտնվող առեւտրային կենտրոնի նկուղային հարկերից մեկում: Սենյակում կա փափուկ կահույք, լույսը թույլ է, իսկ պատերը, առաստաղն ու դռները ծածկված են մեղմ բեժ նյութով: Այնտեղ հայտնվելու համար անհրաժեշտ է հանել կոշիկները, անջատել բջջային հեռախոսները եւ ազատվել այլ սարքերից, որոնք կարող են աղմուկի աղբյուր լինել, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նմանատիպ սենյակ նախկինում արդեն մեկ անգամ հայտնվել է այդ խանութում: Հեռավոր 1909 թվականին, առեւտրային կենտրոնից բացումից անմիջապես հետո, հանրահռչակ առեւտրային ցանցի հիմնադիր Գորդոն Սելֆրիջը 4-րդ հարկում «լռության գոտի» է ստեղծել: Այն նախատեսված է եղել, հիմնականում տղամարդկանց համար, որոնք այդտեղ ժամանակ են անցկացրել՝ ծխելով եւ զրուցելով, մինչ նրանց կանայք իրենց համար նոր հագուստներ են ընտրել խանութում:
Այս նախաձեռնությունը հաջողություն է ունեցել, քանի որ կանայք հնարավորություն են ունեցել ավելի շատ ժամանակ անցկացնել խանութում՝ չլսելով իրենց ամուսինների դիտողությունները: Արդյունքում խանութի սեփականատերերի եկամուտն աճել է:





























