ԱՄՆ-ի կառավարությունը «Աստղային պատերազմներ. Նոր հույս» ֆիլմի «Մահվան աստղի» համարժեքը չի ստեղծի։  Նման առաջարկ էր պարունակվում Սպիտակ տան կայքում տեղակայված խնդրագրում, որը մոտ մեկ ամիս առաջ 25 հազար ամերիկացիներ էին ստորագրել։

«Աշխատակազմը համամիտ է աշխատատեղեր ստեղծելու եւ ազգային անվտանգությունը մեծացնելու ձեր ցանկությանը, բայց «Մահվան աստղ» ստեղծելը մեր ապագա պլանների մեջ չեն մտնում», - ասված է Սպիտակ տան բյուջետային դեպարտամենտի գիտական եւ տիեզերական հետազոտությունների բաժնի ղեկավար Փոլ Շոքրոսի պատասխանում։

Նա նախագծից հրաժարվելը բացատրել էր երեք հիմնական պատճառներով, որոնցից հիմնականն այն է, որ «Մահվան աստղը» գնահատվում է ավելի քան 850,000,000,000,000,000 դոլար, ամերիկյան իշխանության պատասխանը մեջբերում է NBCNews-ը։

Երկրորդ, աշխատակազմը դեմ է մոլորակների ոչնչացմանը, երրորդ, Շոքրոսի խոսքով, անիմաստ է հարկատուների փողերը «Մահվան աստղ» ստեղծելու վրա վատնելը, որին կարելի է հեշտությամբ ոչնչացնել , հայտնում է gazeta.ru-ն։

Ջորջ Լուկասի ֆիլմում Լյուկ Սքայուոքերն աստղը ոչնչացնում է՝ դրա ռեակտորը պրոտոնային հրթիռով վնասելով։