2012 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ պարտադիր ապահովագրվել են (ԱՊՊԱ) 366.7 հազ. ավտոմեքենաներ, տեղեկացնում է ՀՀ ավտոապահովագրողների բյուրոն: Թեեւ նախորդ ամիսների համեմատ ապահովագրված մեքենաների թիվը որոշ չափով աճել է, սակայն քիչ հավանական է, որ 2012 թ. կվերականգնվի 2011 թ. մակարդակը (392.5 հազ. մեքենա):
Ապահովագրական ոլորտի 7 ընկերությունները 2012 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ԱՊՊԱ-ի շնորհիվ ստացել են 13.6 մլրդ դրամ ապահովագրական վճար, ու իրականացրել 8.2 մլրդ դրամի հատուցում: Այսինքն` ԱՊՊԱ-ի «վնասաբերությունն» (հատուցումների հարաբերակցությունը ապահովագրական վճարներին) արդեն իսկ կազմում է 62%` ռեկորդային բարձր մակարդակ ԱՊՊԱ ներդնելուց հետո: Նախորդ տարի այդ ցուցանիշը 37.5% էր: Այսպիսով` 2012 թ. տեղի է ունեցել վնասաբերության զգալի աճ:
2012 թ. զգալի աճել են նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարները: ԱՊՊԱ-ի շնորհիվ 11 ամսում հատուցում է տրվել 39.6 հազ. պատահարի համար, այնինչ 2011 թ. տարեկան ցուցանիշը 25.3 հազ. է: Միայն նոյեմբերին հատուցվել է 4.9 հազ. պատահարի համար, ինչը եւս ռեկորդային բարձր ցուցանիշ է:
2012 թ. 11 ամսում տեղի է ունեցել ԱՊՊԱ-ով հատուցված ամսական 3600 ՃՏՊ, 2011 թ. 2100-ի համեմատ:




























