Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու վարորդը չի կարողացել աշխատեցնել արքայական Bentley-ի շարժիչը՝ թագուհուն եւ արքայազն Ֆիլիպին եկեղեցական պատարագից հետո Սանդրինհեմյան պալատ տանելու համար:

The Telegraph թերթի տվյալով, 10 միլիոն ֆունտ ստեռլինգ արժեցող մեքենայի շարժիչը հաջողվել է աշխատեցնել միայն յոթերորդ փորձից հետո:  Մինչ  թագուհու վարորդ Ջո Լաստը փորձել է աշխատեցնել սառնամանիքին մի քանի ժամ  դրսում մնացած մեքենայի շարժիչը, թագուհին «բարձր ծիծաղել է եւ ցույց տվել իր վարորդին», ինչը իրարանցում է ստեղծել հավաքված բրիտանացիների շրջանում:

«Երբ շարժիչը վերջապես աշխատել է, թագուհին բացականչել է՝ չհանգցնես, չհանգցնես», - թերթին պատմել է ներկաներից մեկը, գրում է «gazeta.ru»-ն:

Bentley-ն թագավորական ավտոպարկի մեքենաներից է, այն հատուկ պատրաստվել է  Մեծ Բրիտանիայի միապետական  պալատի համար: Թագուհին իր առաջին Bentley-ն նվեր էր ստացել 2002թ.` կառավարման ոսկե հոբելյանի առթիվ: Եղիսաբեթ II-ը այնքան էր տպավորվել, որ երկրորդն էր պատվիրել: