Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հունվարի 15-ին ստորագրել է ԱՄՆ-ում զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության մասին ամենախիստ օրենքներից մեկը:
Նոր օրենքը երկարացնում է հարձակողական զենքերի նկատմամբ կիրառված արգելքը, սահմանափակումներ է մտցնում փամփուշտների քանակի նկատմամբ եւ պարտավորեցնում զենքը գնողների նկատմամբ առավել մանրամասն ստուգումների անցկացում` այն հոգեկան հիվանդություն ունեցող մարդկանց ձեռքում հայտնվելուց բացառելու համար, հայտնում է «Ռոսբալտը»:
Ըստ նահանգապետի` խիստ միջոցների պատճառ է դարձել Կոնեկտիկուտ նահանգում դպրոցականների զանգվածային սպանությունը:
«Ռոսիյսկայա գազետան», վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը, գրում է, որ հունվարի 16-ին նախագահ Բարաք Օբաման կհրապարակի ԱՄՆ-ում հրազենային զենքի նկատմամբ վերահսկողության միջոցների խստացման փաթեթ:
Ամերիկյան վարչակազմի առաջարկությունները կներառեն օրինագծեր, նախագահական հրամանագրեր, ինչպես նաեւ հասարակայնությանը եւ բիզնեսին հասցեագրված մի շարք նախաձեռնություններ: Ընդ որում, Բարաք Օբաման մտադիր չէ խախտել ԱՄՆ-ի Սահմանադրության երկրորդ փոփոխությունը, որը երաշխավորում է քաղաքացիների զենք ունենալու իրավունքը:
Հունվարի 15-ին ԱՄՆ-ի կրթական հաստատություններում կրակոցների միանգամից երկու դեպք էր տեղի ունեցել: Միսսուրի նահանգի Սենտ Լուիս քաղաքի քոլեջում ուսանողը վիրավորել էր աշխատակիցներից մեկին, իսկ այնուհետեւ կրակել իր կրծքին: Քենթուքի նահանգի Հեզարդ քաղաքի տեխնոլոգիական քոլեջի տարածքում անհայտ անձանց կազմակերպած հրաձգության հետեւանքով զոհվել էր երկու մարդ, տուժել մեկ դեռահաս:




























