ԱՄՆ-ը խիստ քննադատության է ենթարկել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին՝ նրա հակասեմիտական հայտարարությունների համար: Դեռեւս 2010 թվականին հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ Մուրսին կարծիքներ էր հայտնել «սիոնիստ արյուն ծծողների», «կապիկների եւ խոզերի մնացորդների» մասին:

Ամերիկյան պաշտոնատար անձինք Եգիպտոսի նախագահից բացատրություններ են պահանջել «խորը վիրավորական» մեկնաբանությունների համար, որոնք վնասում են «Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու ջանքերին»:

Սկանդալը հասունացել է այն բանից հետո, երբ Վաշինգթոնում մերձավորարեւելյան լրատվամիջոցների հետազոտությունների ինստիտուտը արաբերենից թարգմանել է իսլամիստական «Մահմեդական եղբայրներ» կուսակցության առաջնորդ Մուրսիի հեռուստահարցազրույցը:

Պաղեստինյան «Ալ Կուձ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Մուրսին կոչ է արել «Պաղեստինում զինված դիմադրություն ցույց տալ այդ սիոնիստական հանցագործներին, որոնք բռնության են ենթարկում պաղեստինյան հողը եւ պաղեստինցիներին»: Մեկ այլ հարցազրույցում Մուհամեդ Մուրսին եգիպտացիներին կոչ է արել «որդիներին եւ թոռներին դաստիարակել ատելության ոգով»:

Սպիտակ Տունը Մուհամեդ Մուրսիի հռետորությունն «անընդունելի» է համարել ժողովրդավարական Եգիպտոսի համար, հաղորդում է NEWSru.com-ը:

Եգիպտոսը ամեն տարի ԱՄՆ-ից 1,5 մլրդ դոլարի ռազմական եւ տնտեսական օգնություն է ստանում: Այդ ֆինանսական աջակցությունը կապված է խաղաղության պայմանագրի հետ, որը ստորագրվել է Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ եւ ԱՄՆ-ում համարվում է «տարածաշրջանում կայունության անկյունաքարը»: