Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում գտնվող  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր մասնակցել է Պարենի եւ գյուղատնտեսության  համաշխարհային համաժողովի նիստերին:

ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստի  մասնակիցներն անդրադարձել են  զարգացող երկրների  մանր գյուղացիական տնտեսություններին ներդրումներով  ապահովելու գործում գյուղատնտեսական կոոպերատիվների դերին, ինչպես նաեւ գյուղատնտեսության  ոլորտում ներդրումների նոր հնարավորությունների եւ մոտեցումների անհրաժեշտության հարցերին։

Քննարկումներին մասնակցելուց հետո ՀՀ գյուղատնտեսության նախարարը  հյուրընկալվել է Գերմանիայի Դաշնությունում ՀՀ դեսպանատանը, հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Կայացել են նաեւ երկկողմ հանդիպումներ  Բեռլինում գտնվող Ռուսաստանի Դաշնության,  Իսրայելի, Լիտվիայի, Էստոնիայի  եւ Վրաստանի գյուղատնտեսության նախարարների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  գյուղատնտեսության միջպետական հարաբերությունների զարգացման եւ գյուղատնտեսության ոլորտում համագործակցելու հարցեր:

Օրվա երկրորդ հատվածում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գլխավոր տնօրեն Խոսե Գրացիանո Դա Սիլվայի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ գյուղատնտեսության  նախարարը շնորհակալություն է հայտնել Դա Սիլվային`  ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրողականության բարձրացման եւ պարենային անվտանգության ապահովման  գործում  հետեւողական աջակցության համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  հանդիպելու է  նաեւ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության  պարենի, գյուղատնտեսության եւ սպառողների պաշտպանության նախարար Իլզե  Այգների հետ: