Համաշխարհային շուկայում քլորոպրենային կաուչուկը որոշ դեպքերում վաճառվում է 6000 դոլար մեկ մետր/տոննայի դիմաց կամ ավելի։ Թանկացման պատճառները մի քանիսն են, բայց հիմնականն այն է, որ զարգացող պետություններում ավելանում է կաուչուկի այս տեսակի պահանջարկը, եւ գրեթե բոլոր տնտեսական փորձագետները նշում են, որ այս ապրանքի գինն աճելու է առաջիկա տարիներին:

Աշխարհում կա ընդամենը 6 պետություն, որոնք ունեն քլորոպրենային կաուչուկի արտադրման գործարաններ: Դրանք են ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Հայաստանը եւ Չինաստանը: Հատկանշական է, որ Չինաստանում քլորոպրենային կաուչուկի արտադրման գործարանը կառուցել են հայ մասնագետները: 2010թ-ին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Շանսի-Նաիրիտ» գործարանի հանդիսավոր բացումը: Գործարանի տարեկան արտադրական հզորությունը կազմում է 35 հազար տոննա, իսկ հայկական կողմի բաժնեմասը 40 տոկոս: Չինաստանում գործարանը «զրոից» կառուցելու համար ծախսել են 220 մլն դոլար: «Շանսի-Նաիրիտը» աշխատում եւ բարգավաճում է, արտադրում միջազգային շուկայում անընդհատ թանկացող քլորոպրենային կաուչուկ, ու աշխատատեղեր ապահովում Չինաստանի Շանսի նահանգի բազմամիլիոնանոց չինացի բնակիչների համար:

Աշխարհում երբեմնի արտադրական գիգանտ համարվող Երեւանի «Նաիրիտ» արտադրական միավորումը, որը նախորդ դարի 80-ականներին արտադրում էր տարեկան 75 հազար տոննա քլորոպրենային կաուչուկ, այսինքն՝ միայն այս կաուչուկով 450 մլն դոլարի արտադրանք էր տալիս, այսօր պաշտոնական կայքում՝ nairit.am-ում տեղադրված գնացուցակով վաճառում է շվելեր, պողպատյա խողովակ, օդի բաժանման ագրեգատի գերսառեցուցիչ, սողնակ, հոսքի ռելե, պողպատյա թիթեղ եւ այլն: Պարզ է չէ, ի՞նչ են անում գործարանը։

Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը 2012-ի սկզբին հայտարարել է, որ «Նաիրիտի» 90 տոկոս բաժնետերերի սեփականատեր, օֆշորում գրանցված Rhinoville Property Limited չի կարողացել մարել ԱՊՀ միջպետական բանկի պարտքը։ Հիշեցնենք, որ Rhinoville Property Limited-ը ԱՊՀ միջպետական բանկից 12,5 տոկոսով 70 մլն դոլար վարկ էր վերցրել, եւ այժմ պարտք է մոօտ 100 մլն դոլար։

Ասում են, թե, ընդհանուր առմամբ «Նաիրիտի» վերագործարկման համար անհրաժեշտ է 512 մլն դոլար, որից 100 մլն կգնա ԱՊՀ միջպետական բանկի վարկի մարմանը, իսկ մոտ 45 մլն դոլարը կուտակված այլ պարտքերի մարմանը։ Այսինքն՝ 367 մլն իրական ներդրում են նախատեսում, բայց չինական գործարանի կառուցման գնի համեմատ այս թիվը չի դիմանում որեւէ քննադատության, որովհետեւ կառուցված գործարանի թարմացումն ու գործարկումն իրականում չի կարող մոտ 1,5 անգամ ավելի թանկ արժենալ:

Բազմաթիվ հարցեր է առաջացնում նաեւ ԱՊՀ միջպետական բանկի պարտքը:

Վերցրած վարկը, թե ի՞նչ են արել անհասկանալի է, որովհետեւ հանրությանը ներկայացված չէ ծախսերի մասին վկայող փաստաթուղթ։ Իհարկե հայկական իրականությունը հաշվի առնելով կարելի է ենթադրել, որ 100 մլն վարկային միջոցները փոշիացել են «ատկատների», ղեկավար անձնակազմի շքեղ առանձնատների կառուցման, շքեղ մեքենաների ձեռքբերման, ու արտասահմանում անշարժ գույքի գնման վրա, բայց սա միայն ենթադրություն է, նույն կերպ կարելի է ենթադրել, որ այդ 100 մլն դոլարը 2009թ մայիսի 14-ին գտնվում էր պայթած քլորոպրենի արտադրամասում, եւ պարզապես այրվել է:

Այժմ «Նաիրիտի» ապագան անհայտ է, միայն հայտնի է, որ քիմիական գիգանտին, որն իսկապես ի զորու է փոքրիկ Հայաստանը գերտերություն դարձնել աշխարհի տնտեսական քարտեզի վրա, ծնկի են բերել արատասհմանյան վարկային միջոցներով:

Շրջանառվող լուրեր կան, որ «Նաիրիտը» ցանկանում է վերականգնել բուտադիենով կաուչուկի արտադրությունը, որի արտադրական ցեխը վերացրել են 1994թ-ին: Այս ցեխի վերականգնման համար, ըստ ներկայացված հաշվարկների, անհրաժեշտ է 47 մլն դոլար:

Այս թիվը հարցեր չի առաջացնում, եթե «Նաիրիտում» են պատրաստվում բուտադիենի սինթեզում կազմակերպել, սակայն nairit.am-ում ղեկավարությունը ամսական 2500 տոննա բուտադիենի գնման հայտարարություն է տեղադրել, այսինքն՝ պարզ է, որ բուտադիենը ցանկանում են դրսից ներկրել: Այս դեպքում անհասկանալի է, թե ինչի՞ վրա են ցանկանում 47 մլն դոլար ծախսել:

Մեկ այլ հանելուկային իրավիճակ էլ էլեկտրաէներգիայի սպառումն է, որ աստղաբաշխական պարտքեր է ավելացնում հիմնարկի վրա: Եթե գործարանի ցեխերը չեն աշխատում, ապա ինչո՞ւ է այդքան էլեկտրաէներգիա սպառվում։ Փաստորեն ստացվում է, որ գործարանի աշխատելու դեպքում էլեկտրաէներգիա սպառումը կհասնի «աղետալի, սարսափելի» չափերի՞։ Մի դիտարկում կարելի է կատարել։ «Նաիրիտի» տարածքով բազմաթիվ հոսանքի լարեր են ձգվում անհասկանալի ուղղություններով:

Մի խոսքով արդեն մի քանի տասնամյակ է, տարբեր սերունդների մի խումբ մարդիկ «Նաիրիտը» ավերելու շնորհիվ կառուցել ու կառուցում են իրենց պայծառ ապագան, վերացնելով Հայաստանում քիմիական արդյունաբերությունը: Այսօր Հայաստանում հատուկենտ մասնագետներ են մնացել, ովքեր ամբողջական պատկերացում ունեն քիմիական արտադրության ու «Նաիրիտի» իրական հզորության մասին, ովքեր կարող են իսկապես վերականգնել գործարանը, բայց այդ մարդիկ հեռանում են, ու ցավոք ոչ միայն Հայաստանից, այլեւ՝ պարզապես կյանքից:

«Նաիրիտի» վերականգնման համար անհրաժեշտ չէ 500 մլն դոլար ներդրում: Այն կարող է մի քանի անգամ նվազ ներդրումով վերսկսել աշխատանքը: «Նաիրիտի» գլխավոր խնդիրը ապաշնորհ կառավարիչներն են, ովքեր մինչեւ այժմ հսկա գործարանը դիտարկում են, որպես մետաղի ջարդոնի կենտրոն: Մինչդեռ խնդիրը, իսկապես կարելի է արագ լուծել, պարզապես անհրաժեշտ է քաղաքական կամք, ու մի փոքր պակաս ախորժակ։

Հ.Գ. «Նաիրիտը» աշխարհում եզակի գործարանն է, կամ էր, որում հնարավոր է, կամ էր, ստանալ քլորոպրենային կաուչուկ երկու եղանակով՝ բուտադիենից եւ մեթանից։

Էրիկ Ավագյան