Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը 15 օրով երկարաձգել է «Նաիրիտ» գործարանի ներդրումային ծրագրի իրականացման Հետաքրքրությունների հայտերի ընդունման ժամկետը:
Հիշեցնենք, որ ըստ նախարարության պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվության` հետաքրքրությունների հայտերը պետք է ներկայացվեին մինչեւ հունիսի 15-ը: Հայտարարությունը տրվել է «Նաիրիտի» բաժնետերերի եւ վարկատուների կողմից: Որպես բաժնետեր հանդես է գալիս Rhinoville Property Limited ընկերությունը, որպես վարկատու` ԱՊՀ միջպետական բանկը, որին «Նաիրիտը» պարտք է 100 մլն դոլար: Կառավարությունն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել «Նաիրիտի» վերազինման ծրագրին` ընդհուպ օրենսդրական ու ենթաօրենսդրական փոփոխություններով:
Ներդրումային ծրագիրը կազմված է 8 տարվա կտրվածքով` 2011-19 թ.թ.:
Ծրագրում տեղ են գտել դրույթներ «Նաիրիտի» ստեղծման պատմության մասին, նկարագրված է արհեստական կաուչուկի միջազգային շուկան:
«Նաիրիտն» իր առաջինն արտադրանքը տվել է 1940 թ., հանդիսանում էր նախկին ԽՍՀՄ-ում եւ սոցիալիստական պետություններում քլորոպրենային կաուչուկ արտադրող միակ ձեռնարկությունը: Իր հզորության գագաթնակետին հասել է 80-ական թվականների կեսերին` թողարկելով տարեկան 75 հազ. տոննա կաուչուկ (համաշխարհային շուկայի 20 տոկոսը): Ներկա դրությամբ աշխարհի միայն 5 երկրներ ունեն կաուչուկ արտադրող ձեռնարկություններ` ԱՄՆ, Գերմանիա, ճապոնիա, Չինաստան եւ Հայաստան: 2011 թ. նրանց կմիանա նաեւ Հնդկաստանը, որտեղ ավարտին է մոտենում տարեկան 35 հազ. տոննա հզորությամբ գործարանի կառուցումը:
«Նաիրիտի» արտադրական հզորությունը ներկայում գնահատվում է տարեկան 38 հազ. տոննա, որը լիովին բավարար է Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների պահանջարկի համար: «Նաիրիտը» աշխարհում միակ գործարանն է, որտեղ քլորոպրենային կաուչուկը կարելի է ստանալ հայտնի 2 մեթոդներով էլ` բութադիենային եւ ացետիլենային (բնական գազից): 1994 թ. բութադիենային արտադրամասը կանգնեցվել եւ կոնսերվացվել է` բութադիենի ստացման բարդությունների պատճառով:
Այն ներդրումային ծրագիրը, որ ներկայացվել է գործարանի ղեկավարության կողմից, ենթադրում է տեխնիկական վերազինումը հասցնել այն աստիճանի, որ «Նաիրիտը» դառնա բնապահպանական եւ տոխնոլոգիական առումով անվտանգ խոշոր քիմիական ձեռնարկություն: Այսպես` առաջարկվում է կառուցել սեփական ջերմաէլեկտրակայան, վերագործարկել բութադիենից կաուչուկի ստացման արտադրամասը, ստեղծել քլորի եւ կաուստիկ սոդայի նոր արտադրություն, զարգացնել անհրաժեշտ ենթակառուցվածքները (ջրամատակարարում, բնապահպանություն եւ այլն):
«Նաիրիտը» ներկայում բանակցություններ է վարում հայտնի ինժիներինգային ընկերությունների հետ` այս ծրագրին մասնակցելու համար (ավստրիական Siemens, ֆրանսիական Foster Wheeler) եւ այլն:
«Նաիրիտի» վերազինման միայն առաջին 2 փուլերում (մինչեւ 2014 թվականը) պահանջվում է 512 մլն դոլարի ներդրում: Դրանից 145 մլն դոլարը նախատեսված է ֆինանսական առողջացման նպատակներով` 100 մլն դոլար ԱՊՀ միջպետական բանկին, եւ 45 մլն դոլար` այլ պարտքերի մարմանը: Մոտ 47 մլն դոլար է գնահատվել բուտադիենային արտադրամասի վերագործարկման ծրագիրը:
Այս ներդրումներն իրականացնելու դեպքում ենթադրվում է, որ արդեն 2013 թ. «Նաիրիտը» կարտադրի 93 հազ. տոննա տարաբնույթ արտադրանք` 220 մլն դոլար արժեքով, որից 200 մլն դոլարը կարտահանվի:
Սամվել Ավագյան



























