Լեռնային ղարաբաղի Պաշտպանության բանակի 2013թ. պատրաստության պլանի համաձայն, հունվարի 14-ից 18-ը անցկացվեցին հրամանատարական հավաքներ, որոնցում ներգրավված էին միավորումների եւ զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները: Հավաքների մեկնարկին մասնակիցներին հանդիպեց եւ անցկացվող միջոցառման որոշ առանձնահատկություններից խոսեց ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունից հայտնում են, թե բանակի հրամանատարը հավաքները կարեւոր համարեց ընթացիկ տարվա խնդիրների կատարման, զորամասերի եւ բանակի բաժինների ու ծառայությունների միջեւ փոխգործակցության հարցերի հստակեցման եւ այն բոլոր ուղղությունների համար, որոնք ընկած կլինեն զորքերի ամենօրյա գործունեության հիմքում:

Հավաքների ծրագրում տեղ էին գտել հետախուզական եւ ինժեներական պատրաստության, ռազմական տեղագրության, տեխնիկական, զորահավաքային եւ մարտավարական պատրաստության, ինչպես նաեւ մարտական հերթապահությանն ու մարտական պատրաստությանն առնչվող հարցեր: