Ընդդիմադիր Ալեքսանդր Դոլմատովն ինքնասպան է եղել հատուկ ծառայություններում հարցաքննությունից հետո, որի ընթացքում նրա նկատմամբ կարող էին բռնություններ կիրառել, իր բլոգում գրել է «Դրուգայա Ռոսիա»-ի առաջնորդ Էդուարդ Լիմոնովը։

«Դոլմատովի մահից առաջ թողած գրության հրապարակումից հետո պարզ է դարձել, որ նրան հարցաքննել են հոլանդական, հնարավոր է ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները։ Եվ երեւում է՝ կողմնապահությամբ են հարցաքննել», - Լիմոնովի գրառումն է մեջբերում«Ռոսբալտը

Ավելի վաղ լրագրող Օլեգ Կուշինն իր միկրոբլոգում հրապարակել էր Դոլմատովի մահից առաջ թողած գրության լուսանկարը, որում ասվում էր, թե ինքը հեռանում է՝ դավաճանի չվերածվելու համար:

Ըստ զոհվածի ընկեր հակաֆաշիստ Սոլոպովի՝ Նիդեռլանդներում քաղաքական ապաստան ստանալու մերժումից հետո Դոլմատովն ընկճախտի մեջ էր հայտնվել:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Դոլմատովը մեղադրվում էր 2012թ. մայիսի 6-ին Մոսկվայի Բոլոտնայա հրապարակի անկարգություններին մասնակցելու մեջ: Նա ինքնասպան էր եղել հունվարի 17-ին Հոլանդիայում: