Ալժիրում պատանդառված երկու նորվեգացիներին ազատել են, վեց հոգ ճակատագիրն անհայտ է մնում, հունվարի 19-ի ասուլիսում հայտնել է  Statoil նավթագազային կոնցեռնի ղեկավար Հելգե Լունդը։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ մեկ նորվեգացի ազատվել է, բայց վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ «Ուրախ եմ հայտնել, որ մեր երկու գործընկերներն ազատության մեջ են, վեց հոգու ճակատագիրն անհայտ է մնում»,- ասել է Լունդը։ Առաջիկայում նրանց հայրենիք կտեղափոխեն, հավելել է նա։

Հայտնի է, որ ահաբեկիչների հարձակման պահին Ին Ամենասում Statoil-ի 17 աշխատակից է գտնվել, որոնցից 12-ը նորվեգացի են: Ընկերությունն Ալժիրից արդեն ավելի քան 50 մարդ է տարհանել, այդ թվում նաեւ այլ հանքավայրերում աշխատողների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ վերջին տվյալների՝ ավելի քան 600 պատանդներ, այդ թվում՝ 573 ալժիրցի եւ 100 արտասահմանցի, ազատվել էին ալժիրյան զինվորականների հատուկ գործողության ընթացքում: Գործողությունը դեռ շարունակվում է: Զոհված արտասահմանցի պատանդների ցուցակում ԱՄՆ-ի առնվազն մեկ  քաղաքացի կա: