Իտալիայի հարավային նշանավոր նավահանգիստ Բարիում հունվարի 11-ին հանդիսավորապես տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման եւ օրհնության արարողություն: Խաչքարը պատրաստվել էր 11 տարիներ առաջ Ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր  Աշոտ Գրիգորյանի կողմից:

Իտալիայի Հայոց հովվության քարտուղարությունից հայտնում են, թե բազմաթիվ պատճառներով խաչքարի բացումը մի քանի անգամ հետաձգվելուց հետո այս տարի Բարիի քաղաքապետարանի, ինչպես նաեւ Բարիի նշանավոր հայերից Ռուբեն Թիմուրյանի ջանքերով, վերջապես, կանգնեցվեց Բարիի ամենակարեւոր հրապարակներից մեկում` նավահանգստի գլխավոր ափի մոտ: Կարեւորագույն այս հանդիսությանը հրավիրված էին Իտալիայի Հայոց հովվության հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տեր Թովմա աբեղա Խաչատրյանը, Հռոմի Հայոց հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տեր Գառնիկ աբեղա Մխիթարյանը, Իտալիայում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներից  Բորիս Սահակյանը, Իտալիայի Հայոց միության նախագահ  Պայքար Սվազլյանը, խաչքարի հեղինակ Աշոտ Գրիգորյանը, անվանի ճարտարապետ  Արմեն Զարյանի որդին` Արա Զարյանը, Բարի քաղաքի աշխարհական եւ հոգեւորական ողջ վերնախավն ու հյուրեր Իտալիայում գործող տարբեր հայկական ասոցիացիաներից:

Հետաքրքական է, որ խաչքարը տեղադրվեց հենց այն ափին, որտեղից Հայոց ցեղասպանության օրերին բազմահազար հայեր ներթափանցել են Իտալիա:

Խաչքարի օրհնության կարգը կատարեցին Իտալիայի Հայոց հոգեւոր հովիվն ու Հռոմի Հայոց հոգեւոր հովիվը: Այնուհետեւ բոլոր ներկաները եղան Բարիի քաղաքապետ Միկելե Էմիլիոյի հյուրը: Իտալիայի հայոց հոգեւոր հովվության կողմից Հայր Թովմա Խաչատրյանը գնահատանքի պարգեւներ շնորհվեցին Բարիի քաղաքապետին, խաչքարագործին, ինչպես նաեւ Ռուբեն Թիմուրյանին: Քաղաքապետն իր հերթին Բարիի քաղաքապետարանի բարձրագույն պարգեւներ շնորհեց Իտալիայում Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնող հոգեւոր այրերին, ինչպես նաեւ մյուս իտալահայ կազմակերպությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:

Բոլորի համար անակնկալ էր Բարիի քաղաքապետի Հայոց Ցեղասպանությունը ճանաչող համապատասխան փաստաթղթղի հանձնումը Իտալիայում ՀՀ դեսպանության ներկայացուցչին, ըստ որի, Բարի քաղաքը համալրեց Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող Իտալիայի 70 քաղաքների թիվը: