Ալժիրից տեղեկություններ են ստացվում, որ հատուկ ծառայությունների գրոհայինների ոչնչացման եւ պատանդների ազատման գործողությունն ամբողջությամբ ավարտված է։ Եռօրյա գրոհի արդյունքը դեռ վերջնական պարզ չէ, իշխանությունները խոստացել են օրվա վերջում այդ թեմայով ասուլիս հրավիրել։
Հայտնի է, որ հունվարի 19-ին ազատվել են 16 պատանդներ, որոնցից երկուսն ամերիկացի եւ գերմանացի են, նրանց մեջ նաեւ Պորտուգալացի կա, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին;
Նաեւ հաղորդվում է, որ Ալժիրի հատուկ ծառայությունները 15 այրված դիակ են գտել։
Հետաքննությունը շարունակվում է, այս պահին դիակների ճանաչման գործընթացն է սկսվել;
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ զինվորականները 12 գրոհային են սպանել։ Ահաբեկիչներն էլ մահապատժի են ենթարկել գազի վերամշակման գործարանում պահվող յոթ պատանդներին։ գործարանին հսկայական վնաս է հասցվել. ահաբեկիչները պայթեցրել են շինության մի հատվածը, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել։
Հիշեցնենք, Ալժիրում տարբեր ազգության 30- 40 գրոհայիններ հունվարի 16-ին հարձակվել էին Լիբիայի հետ սահմանին գտնվող գազային համալիրի վրա։ Նրանք ծրագրել էին առեւանգել օտարերկրացիներին եւ Մալի տեղափոխել՝ արեւմտյան երկրներին, առաջին հերթին՝ Ֆրանսիային շանտաժի ենթարկելու համար։ Սակայն ալժիրյան զինվորականներն իսկույն շրջապատել էին գազային համալիրի տարածքը՝ կանխելով ահաբեկիչների փախուստը:




























