Ադրբեջանի Միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլաեւը հայտարարել է, որ պետական մարմինների եւ պաշտոնյաների դեմ կոմպրոմատ պարունակող 400 տեսանյութ ունի: Այդ մասին նա հայտնել է  «Ամերիկայի ձայն» ռադիոյի ադրբեջանական ծառայության «Ազատ բազկաթոռ» հաղորդման ընթացքում: Նա հասկացրել է, որ տեսանյութերը կտարածվեն համացանցով` «ժամանակի պահանջին համապատասխան»:

Աբդուլաեւը տեսաարխիվի մասին, որը նա հավաքել է չորս տարվա ընթացքում` 2004թ. իր եղբոր` Ազգային անվտանգության նախարարության սպա Մահիր Աբդուլաեւի առեւանգումից հետո, տեղյակ է Ադրբեջանի ղեկավարությանը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների Ստրասբուրգի դատարանը:

Ըստ նախկին ռեկտորի` իր կոմպրոմատների հիմնական թիրախը նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւն է, որն ըստ Աբդուլաեւի ղեկավարում է «մահվան էսկադրոններն» Ադրբեջանում: Դրանք ստեղծվել էին 1994թ. եւ կապ ունեն բազմաթիվ քաղաքական եւ քրեական սպանությունների հետ:

Իր հերթին ԱԱՆ-ի նախկին սպա Ռամին Նագիեւը, վկայակոչելով  2005թ. մարդկանց առեւանգման եւ սպանության համար դատապարտված ՆԳՆ-ի նախկին գնդապետ Հաջի Մամեդովին, պնդում է, որ 2004թ. Ռամիզ Մեհթիեւը  ծրագրել էր նախագահ Իլհամ Ալիեւի սպանությունը` իշխանության գրավման նպատակով, եւ այդ մասին գիտեն բոլոր ուժային կառույցների ղեկավարները: Նագիեւը կարծում է, որ Մահիր Աբդուլաեւը առեւանգվել էր, քանի որ տեղյակ էր 2004թ. նախագահի դեմ պատրաստվելիք մահափորձի մասին, գրում է  contact.az-ը: