Եթե նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական շենքերը որպես գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ գործածելու փաստեր նկատվեն կամ էլ դրանում ներգրավվեն պետական պաշտոնյաները, ապա ես իմ հիմնական մրցակցին կհայտարարեմ, որ ընտրություններն ավարտված են: Այդ մասին այսօր՝ հունվարի 21-ին, համակիրների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Միաժամանակ Հովհաննիսյանը վստահեցրել է, որ դա սպառնալիք չէ, սակայն, նշել է, որ ընտրողներին վախեցնելու դեպքում իշխանությունները ոչ միայն իրենից, այլեւ ամբողջ ժողովրդից պատասխան կստանան: «Դա կարող է հանգեցնել անցանկալի հետընտրական իրավիճակի: Ես դա չեմ ուզում»: Խոսելով մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի մասին` Հովհաննիսյանը նշել է, որ նրան խորհուրդ չի տալիս այդ քայլին դիմել` սեփական փորձից ելնելով: «Ավելի ճիշտ է մասնակցել նախընտրական քարոզարշավին` չվտանգելով սեփական առողջությունը: Ես կայցելեմ նրան եւ կխնդրեմ դադարեցնել հացադուլը»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am