Աֆղանստանի տարբեր հատվածներում 2013 թ-ի սկզբից մահապարտ ահաբեկիչների կողմից շարունակվում են ահաբեկչական գործողությունները, որտեղ հիմնական դերակատարները թալիբ գրոհայիններն են: Հաշվի առնելով նախկին փորձը՝ հարձակումներն էլ ավելի հաճախակի կդառնան գարնանը, երբ աֆղանա-պակիստանյան սահմանամերձ լեռնանցքներում սկսվի ձնհալը, որի հետևանքով բացվում են ճանապարհները, և թալիբ գրոհայինները ներխուժում են Աֆղանստան:
Թվում էր՝ թալիբների իշխանությունը տապալելով, ԱՄՆ և նրա դաշնակիցները կչեզոքացնեն «աֆղանական վտանգը», սակայն իրականում այդ վտանգը գնալով ավելացավ, չնայած նրան, որ զուգահեռ ավելանում էր կոալիցիոն զինված ուժերի թվաքանակը Աֆղանստանում: Ամերիկյան ուժերի ներխուժումն Աֆղանստան տեղի ունեցավ 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների ֆոնի ներքո, ինչը միջազգային հանրությանը նոր համընդհանուր խնդրի առաջ կանգնեցրեց` պայքար միջազգային ահաբեկչության դեմ: Այս համատեքստում կոալիցիոն ուժերի կողմից սեպտեմբերի 11-ը կազմակերպելու մեջ մեղադրվող «Ալ-Կաիդան» և վերջինիս սատարող այլ ուժերի դեմ իրականացվող պայքարը դարձավ այդ ժամանակվա աշխարհաքաղաքական գործընթացների հիմնական ուղղություններից մեկը: Աֆղանստանը, որտեղ 1996թ.-ից իշխանության էին եկել թալիբները, վերածվեց միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հիմնական նշանակետի, քանզի «Ալ-Կաիդան»` հատկապես նրա առաջնորդ Ուսամա Բեն-Լադենը, ապաստան էին գտել Աֆղանստանում: Մադրասաներում (կրոնական դպրոցներ) կրթություն ստացած թալիբ-փաշտունները, օգտվելով աֆղանական տարբեր խմբավորումների միջև առկա տարաձայնություններից և 1992թ.-ից Աֆղանստանում Նաջիբուլլահի վարչակարգի տապալումից հետո առաջացած իշխանության համար պայքարից, նպատակ դրեցին զինաթափել բոլոր աֆղանական զինված խմբավորումները, հեռացնել ղեկավար օղակներից այլ էթնիկական խմբերի (տաջիկներ, ուզբեկներ, հազարաներ) ներկայացուցիչներին և ստեղծել շարիաթի օրենքների վրա հիմնված իսլամական խալիֆայություն` որպես գաղափարական հենքն ու շարժիչ ուժը ընտրելով իսլամական արմատական գաղափարախոսությունն ու փաշտունական ազգայնականությունը:
Կոալիցիոն ուժերից մոտ 3 ամիս պահանջվեց պարտության մատնելու թալիբներին և ոչնչացնելու «Ալ-Կաիդայի» հիմնական ռազմաբազաներն ու ջիհադականների վարժեցման ճամբարներն Աֆղանստանում: 11 տարի շարունակվող միջազգային ահաբեկչության դեմ պայքարն Աֆղանստանում անդորր չհաստատեց:
Իրավիճակը երկրում շարունակում է լարված մնալ: Ընդհատակում հայտնված թալիբները ժամանակ առ ժամանակ հիշեցնում են իրենց մասին` իրականացնելով աֆղանցի բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններ և ահաբեկչական գործողություններ: Աֆղանական ընդհատակը իրենց ներկայացնում է արմատական իսլամական գաղափարների և փաշտունական ազգայնականության խառնուրդ, իսկ Արևմուտքի կողմից ազգայնականության խնդիրների շահարկումը, հնարավորություն կտա որոշակիորեն տարանջատելու հենց թալիբների շրջանում առկա չափավոր և ծայրահեղ հոսանքները, սակայն այստեղ առկա են լուրջ խնդիրներ:
Առաջին հերթին թալիբների շրջանում բավական ամուր դիրքեր ունի իսլամական արմատական գաղափարախոսությունը (հիշենք թալիբների իշխանության տարիներին, հաշվի չառնելով արտաքին ճնշումներն ու բացասական արձագանքները, Աֆղանստանում թալիբների կողմից հեթանոսություն համարվող և հակաիսլամական դիտվող համաշխարհային նշանակության բուդդայական հուշարձանների պայթեցումները):
Մյուս կարևոր խնդիրը, դա աֆղանական ծայրահեղ արմատական թևի ակտիվությունն է. նրա կողմից իրականացվող ահաբեկչական գործողությունները խանգարում են բանակցային գործընթացին: Բացի այդ, ահաբեկչություններն ու լարված մթնոլորտը ազդում են երկրի տնտեսությունում իրականացվող ներդրումների ծավալների առումով, ինչը իր հերթին նպաստում է սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա` դրդելով բնակչության որոշ հատվածի դեպի ահաբեկչական ընդհատակ կամ թմրադեղերի արտադրության ոլորտ:
Հաջորդ խնդիրը վերաբերում է նրան, թե ինչպես է հնարավոր Աֆղանստանում համատեղել թալիբների և, երկրի կենտրոնական ու հյուսիսային հատվածները բնակեցնող և թալիբների հանդեպ մարտական տրամադրված ոչ փաշտուն ազդեցիկ էթնիկական խմբերի (տաջիկներ, ուզբեկներ, հազարաներ) շահերը, ինչը բավական խնդրահարույց կարող է լինել:
Այդուհանդերձ Աֆղանստանում կառավարող ուժերի և ընդհատակում գործող թալիբների միջև բանակցային գործընթացներ են տեղի ունենում, ինչը սակայն ցանկալի արդյունքների չի հանգեցնում: Բանակցային գործընթացների վրա իր ազդեցությունը թողեց 2011թ.-ի սեպտեմբերի 20-ին` Խաղաղության բարձրագույն խորհրդի (ինչը հատուկ ստեղծվել էր որպես թալիբների հետ բանակցությունների հարթակ) ղեկավար Բուրհանուդին Ռաբանիի սպանությունը: 2012թ.-ի ընթացքում քայլերն այդ ուղղությամբ շարունակվեցին, սակայն մեծ հաշվով դրանք զգալի արդյունքներ չտվեցին. Երկրում շարունակվում են ահաբեկչական գործողությունները, որոնք ուղղված են ինչպես իշխանությունների, այնպես էլ Աֆղանստանում տեղակայված կոալիցիոն ուժերի դեմ, դրանցից տուժում են նաև սովորական աֆղանցիները:
Համիդ Քարզայի կողմից կառավարվող վարչախմբի և թալիբների չափավոր թեւը ներկայացնող ուժերի միջև երկխոսությանը արտաքին միջնորդների, հատկապես Թուրքիայի և Պակիստանի ներգրավման փորձերը նույնպես զգալի արդյունքների չեն հանգեցնում: Հատկապես դա վերաբերվում է Պակիստանին, որն Աֆղանստանում ունի ոչ միայն իր շահերը, այլև ունի հնարավորություններ ազդելու թալիբների գործողությունների վրա:
Պարզ է, որ ԱՄՆ չի ցանկանում շտապել զինված ուժերն Աֆղանստանից դուրս բերելու հարցում, ինչի համար կան հասկանալի պատճառներ. նախ Աֆղանստանում մեծ մասամբ նախկին խորհրդային մասնագետների ջանքերով հայտնաբերվել են երկաթի, կոբալտի, ոսկու, պղնձի, բնական ուրանի, մոլիբդենի խոշոր պաշարներ, որոնց ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 900 մլրդ դոլար, ինչը հետաքրքրում է Միացյալ նահանգներին: Դրա հետ մեկտեղ Աֆղանստանի աշխարհագրական դիրքը բավական նպաստավոր է. լինելով կենտրոնում, իրենից արևմուտք` Մերձավոր Արևելքի` հատկապես Իրանի, իսկ իրենից արևելք` Հեռավոր Ասիայի` հատկապես Չինաստանի նկատմամբ դոմինանտ դիրք ունենալու համար. այս համատեքստում հատկանշական է ամերիկյան քաղաքագիտության վառ ներկայացուցիչների` Հալֆորդ Մաքինդերի (Halford Mackinder) և Նիկոլաս Սպիկմենի (Nicholas Spykman) կողմից 20-րդ դարի 40-ական թթ. առաջ քաշված «հարթլենդի» (Heartland, («երկրի սիրտ, կենտրոն») գաղափարը, ըստ որի հենց Աֆղանստանի տարածքն է համարվում երկրագնդի քարտեզի կենտրոնը, և ով տիրում է այդ կենտրոնին, տիրում է ամբողջ աշխարհին:
Վերջին տարիներին ԱՄՆ իշխանությունները թալիբների դեմ ուղղված ռազմական գործողություններից, որոնք այդպես էլ արդյունք չտվեցին, անցում կատարեցին թալիբների առավել չափավոր թևի հետ երկխոսություն ծավալելու քայլերին: 2011թ.-ի գարնանը ամերիկյան իշխանությունների և թալիբների միջև տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ 3 տարբեր երկրներում, այդ թվում Գերմանիայում, Աֆղանստանի քաղաքական իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, ինչը մեծ հաշվով նույնպես էական փոփոխությունների չի հանգեցրել: Սակայն հատկանշական է, որ նման քայլեր կատարվում են ԱՄՆ իշխանությունների կողմից, ինչը ավելորդ անգամ հուշում է, որ թալիբները բավական զգալի ուժ են իրենցից ներկայացնում և Աֆղանստանի ապագա ճակատագրում ունենալու են իրենց դերակատարումը:
Աֆղանստանում իրավիճակի զարգացումները կախված են նրանից, թե ինչպիսի մարտավարություն է որդեգրելու ԱՄՆ-ը, ինչպես կընթանան թալիբների մասնատման փորձերը, ինչպիսի դիրքորոշում կորդեգրեն արտաքին դերակատարներն այս տարածաշրջանում և այլն։ Սակայն պարզ է, որ իրավիճակն Աֆղանստանում գնալով վատթարանում է, և 2013թ.-ի սկիզբը, այս համատեքստում, դրա վառ վկայությունն է։
Սարգիս Գրիգորյան





























