«Նուբարաշեն» ՔԿՀ-ում արդեն մի շաբաթ ձերբակալված Արթուր Պետրոսյանը կարել է բերանը, հացադուլ է հայտարարել եւ պահանջում է վերականգնել արդարությունը: Իսկ արդարությունն այն է, որ կնոջ պատիվը փրկելու համար նրան կալանավորել են: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

«Մանկատան սան Մարիամին չորս տարեկանում մորաքույրն է վերցրել ու պահել: Տասնհինգ տարեկանում հանկարծ ինչ-որ տեղից հայտնվել է նրա եղբայրը եւ սկսել սեռական ոտնձգություններ թույլ տալ ու բռնաբարել քրոջը: Աղջիկը դեպքի մասին պատմել է մորաքրոջը, սակայն վերջինս չի հավատացել` նրան անվանելով «սրբապիղծ»: Արմանը (եղբորն այսպես են անվանում) Մարիամի կյանքում հայտնվում է նաեւ ամուսնանալուց հետո ու կրկին նույն մտադրությամբ: Մարիամի ամուսինը` Արթուրը, բռնացնելով եղբորը քրոջ հետ, ծեծում է Արմանին, որը խոստովանում է իր արարքը: Դեպքից հետո ոստիկանները ձերբակալում են Արթուրին, իսկ Արմանն ազատության մեջ է:

Մարիամի հավաստիացումներով, եղբայրը ոչ միայն ամեն անգամ բռնի ուժով տիրացել է իրեն, այլեւ ծեծել, սպառնացել, որ ոչ մեկին չպատմի: Ավելին, պատմելու դեպքում, նրան վստահեցրել է, թե այնպիսի բաներ կասի ամուսնուն, որ մի վայրկյան անգամ իրեն չեն պահի:

Արթուրի եղբայրն էլ մեզ պատմեց, որ հիմա իրենց գլխավոր պահանջն այն է, որ իրական մեղավորը ճաղավանդակի հետեւում հայտնվի, ոչ թե իր եղբայրը, ով, ինչպես նման դեպքում բոլոր տղամարդիկ կվարվեին, փրկել է կնոջ պատիվը:
Հավելենք, որ Մարիամը քսանմեկ տարեկան է, ունի երկու երեխա»,- գրում է «Իրատես de facto»-ն: