«Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա հունվարի 1-ից, դժգոհությունների ալիք են բարձրացրել ոչ միայն ատամնաբուժական հաստատությունների, այլեւ անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող միջնորդ կազմակերպությունների մոտ:
Այսուհետ՝ անշարժ գույքի առուվաճառքի գործակալությունները պարտավոր են յուրաքանչյուր աշխատողի հաշվով ամսական վճարել 60 հազ. դրամ (Երեւանում) կամ 50 հազ. դրամ՝ մարզկենտրոններում: Ընդ որում՝ հաշվի չի անվում, թե մարդը ինչով է՞ զբաղված գործակալությունում՝ բրոքեր է՞, թե՞ հավաքարար:
Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբլինսկին այսօր՝ հունվարի 22-ին հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ մոտ 200 գործակալություններում աշխատում է միջին հաշվով 10 մարդ: Այսինքն՝ ամսական գործակալությունը ստիպված է մոտ 600 հազ. դրամ վճարել՝ անկախ գործունեության արդյունքներից; Իսկ դա կարող է ստիպել գործակալություններին՝ մտնել ստվերային դաշտ, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ անշարժ գույքի շուկայի համար հիմա այնքան էլ լավ ժամանակներ չեն:
«Ար-Գո ռիելթի» ընկերության հիմնադիր- տնօրեն Արայիկ Գոջաբաշյանը նշեց, որ նոր օրենքը հարված է «գոտկատեղից ներքեւ»: «Հետ ենք գնում դեպի 90-ականները: Սա հարված է գոտկատեղից ներքեւ: Մեզ մղում են աշխատել ոչ օրենքի դաշտում: Անհավասար մրցակցություն կառաջանա, շատերը կփակվեն, կմնան 5-6 ընկերություններ: Մեր ոլորտը ամենազգայունն է, յուրաքանչյուր ցնցում մենք զգում ենք առաջինը»,- ասաց Ա. Գոջաբաշյանը:
Հայաստանի Ռիելթորների եւ գնահատողների միության եւ անշարժ գույքի գործակալությունների ղեկավարների կողմից ստեղծվել է Հայաստանի Ռիելթորների հասարակական նախաձեռնություն՝ «60.000-ին դեմ», որը վաղը հրավիրել է խորհրդաժողով: Նաեւ բաց նամակ են հղել ՀՀ նախագահին, վարչապետին, ֆինանսների նախարարին, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ խնդրում են իրենց գործունեությունը ներառել շրջանառության հարկով հարկման դաշտում:




























