ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը երեկ իր նոր կազմով առաջին նիստն է գումարել։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանի փոխարեն հանձնաժողով է գործուղել խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին։ Բացի այդ, ԱԺ Կանոնակարգում նախորդ տարվա դեկտեմբերին կատարված փոփոխությունների համաձայն, ՀՀԿ-ն այսուհետ Էթիկայի հանձնաժողովում ներկայացված է եւս մեկ պատգամավորով, եւ այդ պատգամավորը Կորյուն Նահապետյանն է։
Երեկ Հ. Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ Դավիթ Հարությունյանին ՀՀԿ-ն հետ է կանչել՝ նպատակահարմար գտնելով, որ Հարությունյանը կարողանա լիարժեք մասնակցել ԵԽԽՎ հերթական նստաշրջանի աշխատանքներին։ Հիշեցնենք, այս օրերին Էթիկայի հանձնաժողովը փորձ է անում ծանրաբեռնված կարգով աշխատել, որպեսզի սահմանված ժամկետում հասցնի Արմեն Ռուստամյանի դիմումի քննարկումը։
83-ի գործով հրավիրված նիստերին արդեն երկրորդ օրն է չեն մասնակցում ծանուցված եւ պարզաբանումներ տալու նպատակով հրավիրված պատգամավորները։ Հովհաննես Սահակյանից տեղեկացանք, որ երեկ նույնպես, նախորդ նիստի նման, ոչ մի ծանուցված պատգամավոր չի ներկայացել։ Հանձնաժողովի «նորաթուխ» անդամ Կորյուն Նահապետյանը, ով նաեւ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահն է, երկուշաբթի օրը նույնպես հրավիրվածների կարգավիճակում էր եւ չեր ներկայացել»,- գրում է «Հայկական ժամանակը»:





























