2013թ նախագահական ընտրությունների մեկնարկին ստեղծված քաղաքական իրավիճակը, թեեւ ունի որոշակի նմանություններ նախկին ընտրությունների մեկնարկային փուլի հետ, սակայն շատ առումներով նաեւ տարբեր է եւ պարունակում է լիովին նոր տարրեր: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԱՀԿԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

Նա մի շարք գնահատականներ հնչեցրեց նախագահական ընտրությունների նախաշեմին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախեւառաջ, քաղաքական վերլուծաբանը նշեց, որ Հայաստանը ինչպես ոչ ժողովրդավարական էր մինչեւ Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը, այնպես էլ շարունակում է  մնալ: «Սարգսյանն եւ իր թիմը, հաշվի առնելով, որ մի կողմից ընդդիմադիր ուժերի ճակատում կոնֆլիկտային անորոշ իրավիճակ է,  որն ստեղծվել է ոչ առանց իշխանությանների մասնակցության եւ չկա հզոր ընդդիմադիր դաշտ, իսկ մյուս կողմից միջազգային հանրության հստակ մեսիջը, Սերժ Սարգսյանը  սեփական վերարտադրումը ապահովելու համար ընտրել է «փափուկ» մանիպուլյատիվ քաղաքականության մարտավարությունը եւ հակված է օգտագործել ադմինիստրատիվ ռեսուրսը, այլ ոչ թե բիրտ ուժը եւ ընտրական փաստաթղթղերի հետ կատարվող զանգվածային մեքենայությունները»,- ասաց նա՝ շեշտելով, որ ի  տարբերություն իր նախորդի՝ Սարգսյանը եւ իր թիմը սեւ PR գրեթե չի օգտագործում, սակայն լրատվամիջոցների, մասնավորապես՝ հեռուստատեսության միջոցով մնացած բոլոր թեկնածուների համար ստեղծել է «թեթեւսոլիկի» կերպար:

Էդգար Վարդանյանը նշեց, որ վարչախմբի համար արդեն իսկ առաջացել են որոշակի խնդիրներ՝ ԵԽԽՎ պատվիրակության կոշտ գնահատականը ընտրությունների վերաբերյալ, հասարակությունում նոր թափ է ստանում ընտրությունների կեղծ լինելու եւ վարչախմբի ոչ դեմոկրտական, հակաիրավական գործելակերպի վերաբերյալ քննարկումները:  «Անկախ ընտրությունների ընթացքից Հայաստանում հնարավարություն կա, որ ձեւավորվի նոր քաղաքական իրավիճակ, որովհետեւ երբ մարդիկ սկսում են մտածել, թե ինչպես փոխել իրավիճակը, նրանք ի վերջո հասնում են, մանավանդ այն ժամանակ, երբ փակուղային իրավիճակի մեջ են լինում»,- ասաց Էդգար Վարդանյանը: Փորձագետը նշեց, որ եթե այսօր Հայաստանում ընդդիմադիր թեկնածուները ցանկանում են այս ընտրություններին հաջողության հասնել, պետք է նպաստեն, որ ձեւավորվի հզոր դեմոկրատական շարժում, եթե նման շարժում ձեւավորվեց, հնարավոր կլինի հաղթել վարչախմբին այլապես՝ ոչ: Այս դեպքում հանրության համար միավորող գործոն կարող է լինել «ընդդեմ ռեժիմի» գաղափարը, որի շուրջ կարող են համագործակցել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am