Արդեն երեք ամիս է վարչապետն ու արտգործնախարարը «օկուպացիա» բառը չեն արտաբերել, Ստրասբուրգում հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ նշելով, որ դա վիրավորում է արժանապատվությունը:
«Արժանապատվությունը վիրավորում է այն, որ չես խոսում սեփական տարածքների գրավման մասին, այն դեպքում, երբ Բալթիայի երկրների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի պատգամավորներն անընդհատ խոսում են վերագրավման մասին: Պետք չէ ջայլամի նման գլուխն ավազի մեջ թաղել», - ասել է նախագահը:
Ըստ նրա՝ Վրաստանը դեմ չէ Ռուսաստանի հետ շփումներին, սակայն ոչ «վիշապային քայլերի» գնով: «Եթե ժամանակին Շեւարդնաձեն չհամաձայներ խաղաղ համաձայնագրեր կնքելուն, 2008-ը տեղի չէր ունենա: Եթե կրկին վիշապային քայլ կատարենք, կհաջորդի օկուպացման օրինականացումը, ինչն աղետալի կլինի: Այդ պատճառով, այժմ պետք է չափազանց զգուշավոր գործենք», - նշել է Սահակաշվիլին:





























