Դիվանագիտական կորրպուսների ներկայացուցիչները եւ Մեծ Բրիտանիայի հարգարժան տիկին դեսպանը ճիշտ կլինի, եթե պահպանեն դիվանագիտական էթիկետը եւ դեռեւս քարոզչության առաջին օրը չկանխորոշեն, թե ինչպիսի ընտրություններ են լինելու Հյաստանում: Այդ մասին Լրագիր.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի հայտարարարությունը:
Հիշեցնենք, որ դեսպանը Հայաստանի նախագահի ընտրությունների կապակցությամբ իր բլոգում մասնավորապես գրել էր, որ «տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրություններն արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի եւ գործընկերների վստահությունը վերականգնելը: Արդյո՞ք դա տեղի կունենա»:
Էդուարդ Շարմազանովի համար տարակուսելի է, որ դեսպանը նմանօրինակ մտքեր է արտահայտել: «Ինչ վերաբերում է վերջին տարիների ընտրություններին, ապա դեսպանը գոնե ճիշտ կաներ ծանոթանար 2012 թվականի պառլամենտական ընտրությունների թե արդյունքին, թե այն գնահատականներին, որոնք տվել են եվրոպական դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Եվրոպական որոշ դիտորդներ Հայաստանի պառլամենտական ընտրությունները նույնիսկ համեմատեցին Կենտրոնական Եվրոպայում անցկացված ընտրությունների հետ»,- ընդգծեց Շարմազանովը:
Քեթրին Լիչը նաեւ ցավ էր հայտնել, որ խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որեւէ մեկը սեփական թեկնածուով հանդես չի գալիս այս ընտրություններին եւ որեւէ մեկին չեն աջակցում: «Ինչ վերաբերում է մրցակցային երեք ուժերին, ես չգիտեի, որ Ժառանգությունը հիմնական քաղաքական ուժ չէ: Կամ չգիտեի, որ ՀԱԿ անդամ պարոն Բագրատյանը, որը նախկին վարչապետ է եւ ազատական ռեֆորմների հայրը Հայաստանի Հանրապետությունում, հիմնական գործիչ չէ: Կարիք չկա մարդկանց առաջին եւ երկրորդ սորտի ընդդիմադիրներ համարել»,- ասաց Շարմազանովը:
Հարցին, թե իշխանությունները քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ են դեսպանի այս հայտարարության մեջ, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ամեն դեպքում տարակուսելի է, երբ Մեծ Բրիտանիայի նման ժողովրդավարական արժեքներ ունեցող պետության դեսպանն է նման հայտարարություններով հանդես գալիս: Իսկ այն հարցին, թե ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է պաշտոնապես պարզաբանում պահանջել դեսպանից, Շարմազանովն ասաց. «ՀՀԿ գերխնդիրը ոչ թե դեսպաններին պատասխանելն է, այլ Հայատանում ժողովրդավարության զարգացումն ապահովելը, ինչն էլ ՀՀԿ-ն անում է: Հերթական անգամ բոլորն ականտես կլինեն, որ այս ընտրությունները որակի առումով լինելու են լավագույնը մեր պատմության մեջ»:





























