Վրաստանի նախկին փոխարտգործնախարար Վաշակիձեն լույս է սփռել անյն հարցի վրա, թե Երեւանում Իվանիշվիլիի հայտարարության հատկապես որ մասն է իրեն դրդել հրաժարականի: Վրաստանի Առաջին ալիքի եթերում Վաշակիձեն հայտարարել է, որ հեռացել է նոր կառավարության արտաքին քաղաքական ուղղության անընդունելիության պատճառով:
«Հայաստանում արված հայտարարությունից հետո ինձ մոտ որոշ հարցեր ծագեցին… Եվրատլանտյան ինտեգրման մասին հարցին տրվեց պատասխան, որ մոտ ապագայում այդ ուղղությունը չի փոխվի: Այդ «մոտ ապագա» ձեւակերպումը լուրջ հարցեր է առաջացնում՝ այսինքն, այդ «մոտ ապագայից» հետո դրա փոփոխությունը հնարավոր է», - հայտարարել է Վաշակիձեն:
Ըստ նախկին փոխնախարարի ՝ իր համար անընդունելի է նաեւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի այն հայտարարությունը, որ «Հայաստանի քաղաքականությունն օրինակելի է Վրաստանի համար»: «Հայաստանում կա ռուսական ռազմակայան, Հայաստանի սահմանները պաշտպանում է ռուսական բանակը: Կասկածում եմ, որ Վրաստանի համար դա է ընդօրինակելի», - հայտարարել է Նիկոլոզ Վաշակիձեն, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Նա հայտարարել է, որ արտաքին քաղաքականության նկատմամբ իրենց հայացքների անհամատեղելիությունը «անձամբ վարչապետն է նշել»: Վաշակիձեն հերքել է լուրը, թե իր հրաժարականը համաձայնեցված է եղել « Ազգային միասնական շարժման» հետ:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 22-ին Նիկոլոզ Վաշակիձեն հրաժարական էր տվել, հայտարարելով, որ իր հեռանալը կապված է նաեւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ Հայաստանում արված հայտարարության հետ:





























