Իրանի իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը 2012 թ. հոկտեմբերին Բաքու կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները «ջերմ և եղբայրական» էր որակել՝ հավելելով, որ երկու երկրներն ունեն պատմակրոնական բազմաթիվ ընդհանրություններ:

Սակայն դրանով, բնականաբար, չկարգավորվեցին երկու երկրների միջև հարաբերություններում առկա խնդիրները. ԻԻՀ-ի արտաքին դիվանագիտությունը նաև դեկլարատիվ մակարդակով մշտապես կարևորել է պատմամշակութային և կրոնական ընդհանրությունների գործոնը տարածաշրջանային երկրների հետ փոխհարաբերություններ կառուցելու և զարգացնելու համատեքստում, ուստի Իրանի նախագահի՝ Բաքվում հնչեցրած հայտարարությունը որեւէ կերպ չի կարելի դիտարկել որպես յուրահատուկ վերաբերմունքի դրսևորում Ադրբեջանի նկատմամբ: Առավել հավանական է, որ նախագահ Մ. Ահմադինեժադի բարիդրացիական տրամադրվածությունը Բաքվում նպատակ էր հետապնդել ստուգելու ադրբեջանական իշխանությունների պատրաստակամությունն ԻԻՀ-ի հետ համագործակցություն ծավալելու հեռանկարների առումով, որի արդյունքները շուտով հիասթափեցրին պաշտոնական Թեհրանին։ Նույն հոկտեմբեր ամսին ադրբեջանական դատարաններից մեկը 22 քաղաքացու ազատազրկման դատապարտեց այն մեղադրանքով, որ վերջիններս իբրև թե լրտեսական գործունեություն են իրականացրել Ադրբեջանի հանրապետությունում հօգուտ Իրանի, ինչպես նաև նախապատրաստվել են հարձակում իրականացնել Ադրբեջանում Իսրայելի և ԱՄՆ-ի դեսպանատների վրա:

Վերոհիշյալ իրադարձություններից որոշ ժամանակ անց՝ դեկտեմբերին, Իրանի մտահոգություններն ադրբեջանական իշխանությունների ապակառուցողական տարածաշրջանային քաղաքականության կապակցությամբ կրկնապատկվեցին. Բաքվում տեղի ունեցավ իրանական չնայած մարգինալ, բայց անջատողական խմբավորումներից մեկի խորհրդաժողովը, որն իրականացվեց ադրբեջանական իշխանությունների լուռ համաձայնությամբ, իսկ առավել հստակ բնորոշմամբ՝ նրանց հովանավորությամբ: Գաղտնիք չեն Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն իրանական հողերի (Ատրպատական) հաշվին, սակայն պաշտոնական Բաքուն, մի կողմից հույսեր կապելով Իսրայելի և Արևմուտքի, իսկ մյուս կողմից համաթյուրքական գաղափարներով տոգորված անջատողական տարրերի գործունեության հետ, չի կարող որևէ երաշխիք ունենալ, որ Իրանի հյուսիսարևմտյան թյուրքախոս բնակչություն ունեցող շրջանները երբեւիցե կմիավորվեն Ադրբեջանին, իսկ այն, որ Իրանի պատասխան գործողությունները կարող են կործանարար լինել Ադրբեջանի համար, առավել հավանական է թվում:

Համենայն դեպս, ներկա գործընթացները հուշում են այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները հաստատուն քայլերով պետությունն առաջնորդում են դեպի մշուշոտ ապագա:

Ս.թ. հունվարի 10-ին ադրբեջանական ԶԼՄ-ները ակտիվորեն քննարկում էին իսրայելական ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ուդի Շանիի հայտարարությունն այն մասին, որ 2013 թ. Իսրայելը նախատեսում է ակտիվացնել զենք և ռազմական սարքավորումներ մի շարք երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին վաճառելու գործընթացը: Ադրբեջանի տարածքը, գտնվելով Իրանի հետ անմիջական հարեւանությամբ, բավական նպաստավոր է Իսրայելի համար՝ գրոհելու Իրանի միջուկային օբյեկտները, ուստի այդ նպատակին հասնելու առաջնային քայլերից է համարվում մեծացնել Ադրբեջանի ռազմական ներուժը: Բայց եթե նույնիսկ Իսրայելը կամ ԱՄՆ-ը ռազմական գործողություններ ծավալեն ԻԻՀ-ի դեմ, որը ներկա պայմաններում քիչ հավանական է թվում, ապա թիրախ են ընտրվելու Իրանի միջուկային և ռազմավարական կարևորության այլ օբյեկտները, ցամաքային գործողություններ չեն ծավալվելու, որով ըստ էության՝ փոշիացվելու են Իրանի Ատրպատական նահանգն Ադրբեջանին բռնակցելու ադրբեջանական պատրանքները: Նման զարգացումների դեպքում ակնհայտ է, որ Բաքուն ինքնուրույն չի համարձակվի գրոհել իրանական տարածքների վրա՝ առանց իսրայելական, ամերիկյան կամ Հյուսիսատլանտյան դաշինքի զինված ուժերի մասնակցության: Միաժամանակ ստացվում է, որ եթե վերջիններս գրոհեն ԻԻՀ-ի միջուկային օբյեկտների ուղղությամբ, ԱՀ-ն այսպես, թե այնպես ներքաշվելու է պատերազմի մեջ, քանի որ այդ երկիրը հստակ պարտավորվածություններ է ստանձնել հակաիրանական ուժերի, մասնավորապես՝ Իսրայելի առջև՝ մեկ միլիարդը գերազանցող ռազմական տեխնիկա ու սարքավորումներ ձեռք բերելու և այլ «շռայլությունների» դիմաց:

Իրանը տվյալ իրավիճակում կարող է նախընտրել Ադրբեջանի դեմ պայքարի միևնույն մեխանիզմները, որոնք ԻԻՀ-ի դեպքում, ի տարբերություն Ադրբեջանի, առավել արդյունավետ և խոստումնալից են թվում: Մարտավարական նույնօրինակ տրամաբանությամբ առաջնորդվելու նախանշաններից է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադիի՝ 2011 թ. օգոստոսին հնչեցրած հայտարարությունը, որում նա քննադատել է ադրբեջանական իշխանություններին՝ իսլամական արժեքներից հեռանալու և Իսրայելի հետ ջերմ հարաբերություններ հաստատելու համար: Հայտարարության մեջ բարձրաստիճան զինվորականը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի ժողովրդի երակներում հոսում է իրանական արյուն, և նրանց սրտերը բաբախում են հանուն իսլամական արժեքների՝ զգուշացնելով ադրբեջանական իշխանություններին զերծ մնալ արկածախնդիր վարքագծից, և ակնարկելով այն, որ ապագայում ոչ թե Ատրպատականը կարող է միավորվել ԱՀ-ին, այլ հենց Իրանը կարող է հանդես գալ Ադրբեջանի նկատմամբ որոշակի պահանջատիրությամբ:

Հասկանալի է, որ պաշտոնական Բաքվի՝ Իրանի հյուսիսարևմտյան հատվածի նկատմամբ ոտնձգություններին խթանել է արեւմտյան որոշ երկրների՝ ԻԻՀ-ի

նկատմամբ որդեգրած պատժամիջոցների քաղաքականությունը, արդյունքում Ադրբեջանը ձգտում է համատեղել արեւմտյան գերտերությունների աշխարհաքաղաքական շահերն ու սեփական անհեռատես հավակնությունները:

Բացի այն, որ Ադրբեջանի հակաիրանական գործողությունները կարող են հանգեցնել Իրանի ամենակոշտ պատասխանին, հավանականությունը մեծ է, որ գործընթացներին ակտիվ կերպով կարող է միջամտել նաև Ռուսաստանի Դաշնությունը: Դրա գլխավոր պատճառներներից են՝

1) վտանգվում է Իրան-Հայաստան-Ռուսաստան միջանցքը,

2) Ադրբեջանը հասնում է ռազմավարական առավելության Հայաստանի նկատմամբ՝ խախտելով ուժային հարաբերական հավասարակշռությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, որը միաժամանակ նշանակում է ռուսական դիրքերի թուլացում, Թուրքիայի դիրքերի ամրապնդում:

Ըստ էության՝ Ռուսաստանը կարող է դուրս մղվել տարածաշրջանային գործընթացներից, եթե այնուամենայնիվ, ստեղծվի իրական վտանգ Ադրբեջանի կողմից, և Մոսկվան հստակ գործողություններով չաջակցի Իրանի տարածքային ամբողջականության պահպանմանը, օրինակ՝ չամրապնդի միջուկային էներգետիկայի ոլորտում Իրանի հետ համագործակցությունը, չօժանդակի ԻԻՀ-ի տիեզերական ծրագրերին, երկաթուղային նախագծերի իրագործմանը և այլն: Սակայն, եթե նույնիսկ գործընթացները զարգանան հակառակ տրամաբանությամբ՝ ի վնաս իրանական շահերի, ժամանակավոր հաջողությունները չեն կարող երկար ուրախացնել Ադրբեջանին, քանի որ վերջինս «դատապարտված» է լինել Իրանի սահմանակից հարեւանը, որը երբեւէ չի հանդուրժի սեփական տարածքի հանդեպ Ադրբեջանի որեւէ նկրտում:

Ռուդիկ Յարալյան