Վանաձորում նոյեմբերի 18-ին քրոջ` եղբորը սպանելու դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ` 38-ամյա Տարոնուհի Ավետիսյանը կալանավորված է: Ոստիկանությունը սպասում է փորձաքննության պատասխանին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 18-ի երեկոյան Վանաձոր քաղաքի Նարեկացի 24/1 հասցեում Տարոնուհի Ավետիսյանը դանակի հարվածներ է պատճառել հարազատ եղբորը եւ սպանել նրան: Կինը ձերբակալվել, ապա` կալանավորվել է: Քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 104-րդ հոդվածի (սպանության) հատկանիշներով: Տարոնուհի Ավետիսյանը նշել է, որ եղբայրը բազմիցս փորձել է բռնաբարել իրեն, նույնիսկ ազատազրկման վայրից է իրեն անպարկեշտ առաջարկներ արել: Մանրամասնելով նոյեմբերի 18-ին իր եւ եղբոր միջեւ տեղի ունեցած վեճը, Տարոնուհին պատմել է, որ այդ օրը եղբայրը դուրս է եկել տնից, հետո վերադարձել է գինովցած, խփել է իրեն ու էլի նման առաջարկներ է հնչեցրել, ինչից հետո էլ քույրը դարակից վերցրել է դանակն ու սպանել նրան:

Դանակահարության այս դեպքը սակայն առաջինը չէր, քույրը դեռ սեպտեմբերին դանակի մի քանի հարված էր հասցրել եղբորը, այն ժամանակ սակայն բժիշկներին հաջողվել էր փրկել Գարեգին Ավետիսյանի կյանքը: