2012 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում ընթացել է հագեցած, կանոնավոր, վստահելի քաղաքական երկխոսությունը: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ 2012թ. զեկույցում:
«Տարին հոբելյանական էր Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի, ինչպես նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված պայմանագրի 15-ամյակի առիթով:
ՌԴ հետ դաշնակցային փոխգործակցության եւ ռազմավարական գործընկերության զարգացումը 2012թ. շարունակում էր մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնայնություններից: Երկուստեք քայլեր են ձեռնարկվել հարաբերությունների առավել խորացման, նոր հեռանկարային ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ:
Հագեցած էր կանոնավոր, վստահելի քաղաքական երկխոսությունը: Երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում ՀՀ եւ ՌԴ բարձրագույն ղեկավարության միջեւ կայացել է շուրջ մեկ տասնյակ հանդիպում:
Հունվարի 23-ին Սոչիում կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը։ Օգոստոսի 8-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստան այցելություն կատարեց Մոսկվա եւ հանդիպում ունեցավ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները հանդիպել են նաեւ դեկտեմբերի 9-ին Աշխաբադում եւ դեկտեմբերի 19-ին՝ Մոսկվայում: 2012թ. մայիսի 15-ին Մոսկվայում եւ հուլիսի 28-ին Լոնդոնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Զարգացում է ապրել միջխորհրդարանական համագործակցությունը: Հուլիսին պաշտոնական այցերով Հայաստան են ժամանել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Նոյեմբերին Սանկտ Պետերբուրգում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
2012թ. մայիսի 30-ին Աշխաբադում եւ սեպտեմբերի 28-ին Յալթայում կայացել են ՀՀ եւ ՌԴ վարչապետներ Տիգրան Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումները: Ապրիլի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ում ընդունեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղի ունեցան բանակցություններ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Տարվա ընթացքում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ունեցել են մեկ տասնյակից ավելի հանդիպում:
Հոկտեմբերի 15-17-ը տեղի ունեցավ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի այցը Ռուսաստանի Դաշնություն: Սեպտեմբերի 18-19 Հայաստան է այցելել ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը։ Հոկտեմբերի 11-12-ը Երեւանում անցկացվեց հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Ստորագրվել է մինչեւ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:
Հոկտեմբերի 12-13-ը Երեւանում կայացավ «Հայաստան եւ Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության երկրորդ համաժողովը, որի շրջանակներում ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր: Հաշվետու տարում բազմաթիվ փոխայցելություններ են տեղի ունեցել տարբեր գերատեսչությունների ղեկավարների եւ ապակենտրոնացված մակարդակներով: Տարվա ընթացքում զարգացել է տնտեսական համագործակցությունը, աճել են ապրանքաշրջանառության ծավալները, առավել ամրապնդվել է ռազմա-տեխնիկական փոխգործակցությունը, ընլայնվել են հումանիտար կապերը։
Պարբերական բնույթ են կրել քաղաքական խորհրդատվությունները երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ»:





























