Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում հունվարի 22-ին հերթական անգամ տարեց հայ կնոջ դեմ իրականացված հարձակումից հետո Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի գրասենյակի, «Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժման եւ այլ հասարակական կազմակերպությունների անդամներ այցելել են Աքսարայի ոստիկանատուն, տեղեկություններ ստացել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ հասարակական կազմակերպությունների անդամները ոստիկանությունում որոշ ժամանակ քննարկումներ անցկացնելուց հետո մամուլի ասուլիս են կազմակերպել՝ իրենց մտահոգությունը հայտնելով, որ, հնարավոր է, տարեց հայ կանանց դեմ հարձակումները տեղի են ունենում ազգային հողի վրա։
Թուրքիայի մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի նախագահ Ումիթ Էֆեն հայտարարել է, թե անհանսգտացած են, քանի որ իրար հետեից տեղի ունեցած հարձակումները հիշեցնում են հատուկ կազմակերպված եւ ատելության հողի վրա իրականացված գործողություններ։ Նա հիշեցրել է, որ բոլոր հարձակումների ձեռագիրը նույնն է՝ տարեց, անպաշտպան եւ հայերի դեմ։
«Ոչ ասենք ռասիզմին եւ ազգայնականությանը» շարժման խոսնակ Ջենգիզ Ալգանը եւս շեշտել է այն մտահոգությունը, որ հայ կանանց դեմ հարձակումները վկայում են կազմակերպված գործողության մասին։ Նա հայտնել է, որ իրենք Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուից հանդիպում են պահանջել՝ հիշյալ դեպքերի քննարկման եւ կանխարգելման միջոցառումների հետ կապված։
Նշենք, որ հունվարի 22-ին, Ստամբուլի Սամաթիա թաղամասում մոտ 35 տարեկան եւ սեւ հագնված անհայտ տղամարդը դաժան ծեծի է ենթարկել տարեց հայ կնոջ։ Ծեծի հետեւանքով կոտրվել կնոջ ակնոցը, որի ապակին վնասել է կնոջ աչքը։
Այս դեպքը Ստամբուլի Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ իրականացված 3-րդ հարձակումն էր։





























