Ռուսաստանի եւ Վրաստանի վարչապետները երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո առաջին անգամ երես առ երես հանդիպել են. Դմիտրի Մեդվեդեւը եւ Բիձինա Իվանիշվիլին զրուցել են Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի հյուրերի համար կազմակերպված ընդունելության ընթացքում: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով միջոցառմանը ներկա ռուս գործարարներից մեկին:
«Վրաստանի վարչապետն առաջինն է մոտեցել Մեդվեդեւին, եւ նրանք մի քանի րոպե զրուցում էին», - ասել է զրուցակիցը:
Կառավարության մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան, մեկնաբանելով այդ տեղեկությունը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ նման միջոցառումների ընթացքում տարբեր երկրների ներկայացուցիչներն ավանդաբար շփվում են:
Նշենք, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել էին Հարավային Օսիայում 2008թ. «օգոստոսյան պատերազմից» հետո:





























