Ադրբեջանը փորձում է քաղաքականացնել Ստեփանակերտի օդանավակայանի հարցը: Այդ մասին այսօր՝ հունվարի 24-ի մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս կոչ են արել չքաղաքականացնել տվյալ հարցը:
Այդ համատեքստում նա ընդգծել է, որ ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ոչ էլ Հայաստանը հարցը քաղաքականացնելու ոչ մի քայլ չեն ձեռնարկում:
Նախարարը նշել է, որ համանախագահների հետ հանդիպումներում ուժի կիրառումից եւ դրա սպառնալիքից զերծ մնալու պարտավորություն ստանձնած Ադրբեջանը, ընդհակառակը, ամենաբարձր մակարդակով խախտում է այն:
Հայկական կողմը քանիցս հավաստիացրել է, որ օդանավակայանի բացումը այլ հարցերի հետ կապ չունի: «Քանիցս ասվել է, որ հարցը հումանիտար նպատակներ է հետապնդում», - ընդգծել է նախարարը: Ըստ նրա՝ Ադրբեջանը, հակառակը, չի թաքցնում իր նպատակը եւ բացահայտ հայտարարում է, որ իր միակ ցանկությունը ԼՂՀ-ն մեկուսացնելն է: «Դա առայսօր չի հաջողվել եւ չի հաջողվի», - նշել է Նալբանդյանը:





























