Այսօր` հունվարի 24-իննախագահի նստավայրի մոտ Երեւանի մի քանի  անշարժ գույքի գործակալության ղեկավարներ ու աշխատակիցներ հավաքվել էին, որպեսզի «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկություններն ու  նամակ-դիմումը հանձնեն նախագահին:

«Առավոտի» փոխանցմամբ, «Ար-Գո» անշարժ գույքի գործակալության  տնօրեն Արայիկ Գոջաբաշյանի եւ ոլորտի եւս  2 ներկայացուցիչների հետ հանդիպեց նախագահի վերահսկողական ծառայության աշխատակից Մինասյանը, ում էլ հանձնվեց նամակը: Գոջաբաշյանի պատմելով, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը վստահեցրեց, որ սեղմ ժամկետներում կքննարկվի խնդիրը եւ կպատասխանեն: Ոլորտի ներկայացուցիչների տպավորությամբ՝ պարոն Մինասյանը քիչ թե շատ խնդրին ծանոթ էր եւ խոստացավ հետամուտ լինել հարցին:

Հիշեցնենք, որ «Արտոնագրային վճարների մասին» օրենքի փոփոխությամբ  անշարժ գույքի գործակալությունները մտնում են  այնպիսի հարկման դաշտ, որը , ինչպես ոլորտի ներկայացուցիչներն են ասում՝ իրենց կտանի կործանման: Ըստ այդ փոփոխությունների՝ անշարժ գույքի գործակալության ղեկավարները պարտավոր են յուրաքանչյուր աշխատակցի համար վճարել 60.000 դրամ: Ըստ գործակալության ղեկավարների հաշվարկների՝ եթե նախկինում 6-10 աշխատակից ունեցող գործակալությունները վճարում էին ամսական սոցվճարն ու հարկերը միասին՝ 150-200 հազար դրամ, օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարեն ամսական 600-800 հազար դրամ: