Հայաստանի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Ռոբերտո» խանութների ցանցի հիմնադիր «Փիրալյան» ՍՊԸ-ն հարուցված վարչական վարույթի վերաբերյալ որեւէ պաշտոնական գրություն չեն ստացել, հետեւաբար` չեն կարող մեկնաբանություն անել մի բանի վերաբերյալ, որից տեղյակ չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փիրալյան» ՍՊԸ-ի տնօրենի լիազորված անձ Հարություն Մինասյանը:
Նա տեղեկացրեց, որ հունվարի 18-ին ՏՄՊՊ-ի կողմից իրենց մոտ դիտանցում են իրականացրել, եւ պարզել են, որ ներմուծված ամբողջ տեսականու վրա գործում է 50 տոկոս զեղչ, իսկ այժմ կան դրանից ավել զեղչեր` 70 տոկոսանոց զեղչեր, որի մասին սպառողներին ուղարկված հաղորդագրությունում չի նշվել: Միեւնույն ժամանակ, Հարությունը Մինասյանը պարզաբանեց, որ խանութում կա հայկական արտադրության մի քանի նմուշներ, որոնց վրա զեղչ չկա, բայց դրանցով փորձում են ժողովրդի պահանջարկը ուսումնասիրել: Հարություն Մինասյանը տեղեկացրեց, որ երկու ամիս է` սարքավորումներ են ներմուծել, փորձում են հայկական արտադրություն ստեղծել, այժմ ուսումնասիրում են ժողովրդի պահանջարկը, այդ իսկ նպատակով էլ հայկական արտադրության որոշակի նմուշներ են տեղադրված խանութում: «Գործարանի բացումը տեղի կունենան մոտակա օրերին, այժմ կատարում ենք ժողովրդի պահանջարկի ուսումնասիրություն:Դա խանութում առկա ապրանքի 0,5 կամ 1 տոկոսն էլ չի կազմում, դա չի նշանակում, թե մենք ամբողջ տեսականու վրա զեղչ չենք անում»,- ասաց նա` շեշտելով, որ հայկական արտադրության մասին ոչ ոք տեղյակ չէ, գովազդ, հայտարարություն չի եղել, վաճառքի հանված ապրանքը փորձանմուշներ են,որոնցով ստուգում են սպառողների պահանջարկը, դեռեւս գնագոյացումն էլ որոշված չէ: «Ես գտնում եմ, որ մենք չենք մոլորեցրել սպառողներին»,- ասաց Հարություն Մինասյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն հունվարի 22-ին վարչական վարույթ հարուցեց հագուստի, կոշիկի եւ պայուսակների ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Ռոբերտո» խանութի նկատմամբ («Փիրալյան» ՍՊԸ): Նշված խանութի կողմից հարյուրավոր քաղաքացիներ տեղեկացվել են, որ ամբողջ ապրանքատեսականին վաճառվում է 50 տոկոս զեղչված գնով: Ըստ Հանձնաժողովի իրավաբան Անահիտ Սարդարյանի՝ քաղաքացիները նույնիսկ SMS-եր են ստացել՝ հրավիրվելով «Ռոբերտո» շահեկան գնումների: Ստացված դիմում բողոքների, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում առկա տասնյակ քաղաքացիների բողոքների հիման վրա ՏՄՊՊՀ-ը անմիջապես ստուգայց է իրականացրել նշված խանութ, որտեղ կատարված հսկիչ գնմամբ պարզվել է, որ 50 տոկոս զեղչը գործում է խանութներում ներկայացված ապրանքների միայն մի մասի վրա: Հարուցված վարույթի շրջանակում Հանձնաժողովը կկատարի լրացուցիչ ուսումնասիրություն:




























