Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Գուրգեն Եղիազարյանը Հայաստանի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանին գերադասում է Րաֆֆի Հովհաննիսյանից: Այդ մասին հունվարի 28-ի մամուլի ասուլիսում  հայտնել է  ինքը` Եղիազարյանը, նշելով, որ  «Սերժ Սարգսյանի նման տղամարդը խամաճիկ չի դառնա որեւէ մեկի ձեռքում»:

Եղիազարյանն ընդգծել է, որ ինքը պայքարում է «ռազմական հեղաշրջման ճանապարհով իշխանության եկած» Սերժ Սարգսյանի դեմ եւ կշարունակի պայքարել, եթե վերջինս զեղծարարություններ թույլ տա  ընտրությունների ընթացքում: «Այսօրվա դրությամբ գործող նախագահին տրված է երկրում  բնականոն ընտրություններ անցկացնելու հնարավորություն: Եթե դա ապահովվի, մենք հանգիստ կհետեւենք, թե ինչպես է նա երկիրը հանում աղետալի իրավիճակից: Եթե նա դա անի, մենք  կծափահարենք նրան: Իսկ եթե 2-3 ամիս անց դա տեղի չունենա, մենք  ձեզ հետ միասին ոտքի կելնենք եւ կպահանջենք նրա հեռացումը», - նշել է Եղիազարյանը:

Նա նաեւ կարծիք է հայտնել, որ նույնիսկ եթե Սերժ Սարգսյանն արդար եւ ազատ ընտրություններ անցկացնի, ապա միանշանակ կհաղթի, քանի որ անվիճելի առավելություն ունի մյուս թեկնածուների  նկատմամբ: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա, ըստ նրա, վերջինս պարտվել էր` դեռ նախընտրական մրցապայքար չմտած: