Նախորդ ամռանը Ուրալում 12 ուղեւորներով եւ օդաչուով հանդերձ անհետացած Ան-2 ինքնաթիռի հայտնաբերման լուրը հերթական անգամ սուտ է դուրս եկել: Դա պարզել են բլոգերները, որոնք նախկինում արդեն նիժնիտագիլցի ռադիոսիրողին «խելառ» էին անվանել, երբ վերջինս հայտարարել էր, թե ընկած ինքնաթիռից ազդանշան է զգացել:
Վալենտին Դեգտերյովն այս անգամ ցանցում տարածել էր երկու նկար, որոնցում երեւում էր ընկած օդանավի ուրվագիծը: Տղամարդը պնդում էր, որ իրեն դրանք ուղարկել են անանուն «որսագողերը»:
Համացանցից օգտվողներն արագ ապացուցել են նկարների կեղծված լինելու հանգամանքը: Ըստ նրանց՝ նկարներն իրոք Ան-2-ի վթարի վայրում են արվել, բայց ոչ այն մեկի, որի մասին խոսվում է, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, այլ Ռոստովի մարզում տեղի ունեցած վթարի:
Այն ժամանակ արված լուսանկարները լավ որակ ունեին, իսկ Դեգտերյովի նկարներում պատկերը մշուշոտ է, հավանաբար նրա համար, որ թեւերի գունավորումը չերեւա: Ուրալում կորած Ան-2-ը կապտաճերմակ էր, իսկ Ռոստովի մարզի օդանավի գունավորումը՝ բեժաերկնագույն:
Հայտնի չէ, արդյոք Դեգտերյովը դիտմամբ է հանրությանը շփոթության մատնել, թե նրան ծաղրել են: Սվերդլովի մարզի ԱԻՆ ԳՎ-ից հայտնել են, որ չեն պատրաստվում ստուգել Ան-2-ի գտնվելու վայրի մասին ոչ արժանահավատ տեղեկատվությունը:






























