Քարոզարշավի ընթացքում ավելի ակնհայտ է դառնում, որ պայքարը կընթանա մեր եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Այս մասին, այսօր` հունվարի 29-ին, Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Կարծես առաջին տեղի հարցը լուծել է, հիմա էլ փորձում է լուծել երկրորդ տեղի հարցը: Երկու ծրագիր կա, մեկը Սերժ Սարգսյանին է, որը ոչինչ չի ասում, լավ բան չկա, երկրորդը մեր ծրագիրն է, որն առաջարկում է սոցիալական խնդիրների լուծում: ՀՆԱ-ի կրկնապատկման փոխարեն մենք ունենք չորս տոկոսի աճ, աղքատության ցուցանիշն է ավելացել, 220 հազար մարդ լքել է Հայաստանը, եթե եղել է ճգնաժամ, դա պատճառ չի, երկիրը դրսից ստացել է 11 մլրդ դոլար փող, շատ անգամ ավելի, քան նախորդ հինգ տարիներին ու ՀՆԱ-ն չի աճել, գործել է ոչ միայն վատը, այլ վատթարագույնը: Սա է Սերժ Սարգսյանի անցած տարիների աշխատանքի ամփոփումը»,-հայտարարել է Բագրատյանը, հավելելով, որ ամեն ինչ պետք է անել սոցիալական հավասարության հասնելու, սոցիալական բեւեռացումը մեղմելու համար:
Նախագահի թեկնածուի խոսքով` պետք է կտրել օլիգարխների եւ պետության միջեւ կապը, նաեւ զարգացնել փոքր ու միջին բիզնեսը: «Սա է իմ ծրագիրը, որը մյուսների առաջարկած ծրագրերից խիստ տարբերվում է»,-ընդգծել է նախկին վարչապետը:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am





























