Այսօրվա դրությամբ, առաջնահերթ խնդիր է Հայաստանից միջազգային դիտորդական առաքելություններին վտարելը, քանի որ նրանց հիմնական նպատակը երկրում վերահսկողություն հաստատելն է՝ հետագա թալանի համար: Այդ մասին այսօր՝ հունվարի 29-ի մամուլի ասուլիսում նշել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով՝ նախկինում Հայաստանում գրեթե բոլոր ընտրություններից հետո կեղծիքների դեմ բողոքող մարդկանց էին ձերբակալում, սակայն դիտորդները բացասական գնահատական էին տալիս, ինչի շնորհիվ իշխանությունները մեկ ամսից ստիպված ազատում էին նրանց:

«2007թ. միջազգային դիտորդներն առաջին անգամ հայտարարեցին, որ Հայաստանում ընտրությունները մեկ քայլ առաջ են, եւ մենք բոլորս հիշում ենք, թե որքան ժամանակ են բանտում անցկացրել Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը», - նշել է Մանուչարյանը:

Ըստ նրա՝ նման  դրական գնահատականները դավադրության հետեւանք էին. դիտորդներն իրենց «քացրաբլիթն» էին ստացել, տվել դրական գնահատականներ, իսկ Սեֆիլյանը եւ Մալխասյանը զոհաբերվել էին: Մանուչարյանը նշել է, որ այն ժամանակ նամակներ է ուղարկել եվրոպացի մի շարք պաշտոնյաների, որոնցում կոչ է արել հրաժարվել ընտրություններում դիտորդական առաքելությունների իրագործումից եւ բացատրել ժողովուրդներին, թե ինչու են տեղի ունենում այդ բոլոր առաքելությունները, ինչ նպատակներ են  դրանք իրականում հետապնդում: «Այն ժամանակ ես բազմաթիվ պատասխան նամակներ ստացա, ինձ  շատ քաղաքավարի  ուղարկեցին՝ ուր որ պետք է», - ասել է Մանուչարյանը, հավելելով, որ եկել է ժամանակն այդպես քաղաքավարի նույն տեղն ուղարկել  միջազգային եվրոպացիներին:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am