Տեղական եւ տարածքային մակարդակի հարցերը չպետք է լուծվեն ոչ միայն Երեւանում, այլեւ տեղերում: Այդ մասին հունվարի 29-ին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Տավուշի մարզի Բերդ քաղաքի ընտրողների առջեւ, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նրա խոսքով, Երեւանը չպետք է դառնա տեղերից ստացվող մասնավոր հարցերի առաջին եւ վերջին ատյանը: Այստեղ պետք է զգալի դեր խաղան տեղական ինքնակառավարման մարմինները, այդ թվում` մարզպետարանները: Մասնավորապես Տավոշի մարզի համար, որտեղ բնակավայրերի մեծ մասը սահմանամերձ են, կարեւորություն է ստանում ճանապարհների վերանորոգման եւ կառուցման հարցը: «Այդ հարցը առաջիկա տարիներին պետք է հետեւողականորեն լուծվի»,- նշել է նախագահը:
«Նրանք, ովքեր հետեւում են տեղական վարչակազմերի գործունեությանը կամ տարբեր պատճառներով հաճախ դիմում, կարող են նկատել, թե վերջին տարիներին զգալի ավելացել են քաղաքապետարանների եւ գյուղապետարանների հնարավորությունները, այդ թվում` ֆինանսական: Մենք շարունակելու ենք այդ քաղաքականությունը, քանի որ ՏԻՄ մարմինները տեղական խնդիրներն ավելի լավ են ծանոթ: Դրա հետ մեկտեղ շարունակվելու են նաեւ համապետական ծրագրերը: Լավ սկիզբը գործի կեսն է: Բայց եթե չհավատանք սեփական ուժերին, սպասենք, թե ուրիը մեր փոխարեն ինչ-որ բան կանի, որեւէ լավ գործ չի հաջողվի ավարտել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am





























